Նախախորհրդարանը՝ Վանաձորում (տեսանյութ)
Մայիսի 28-ին Նախախորհրդարանը հանրահավաք էր կազմակերպել Վանաձորի Արցախ պուրակում, որի ժամանակ ներկայացրեց իր գործողությունների ծրագիրը: Հանրահավաքին մասնակցում էին Ժիրայր Սեֆիլյանը, Ալեք Ենիգոմշյանը, Տիգրան Խզմալյանը և Նախախորհրդարանի այլ անդամներ, աջակիցներ ու համախոհներ:
Ըստ բանախոսների` Նախախորհրդարանը քաղաքացիական միավորում է, որի նպատակն է երկրում տիրող վարչախմբից ազատվելով` իշխանությունը փաստացի վերադարձնել ժողովրդին: Այն ժամանակավոր կառույց է, որից հետո ընտրվելու է հիմնադիր ժողով, հիմնադիր խորհրդարան, և բոլոր հարցերը լուծվելու են հանրահավաքների միջոցով:
Նախախորհրդարանի անդամները կոչ արեցին վանաձորցիներին համախմբվել և միանալ համընդհանուր պայքարին: Դիմելով հանրահավաքի այն մասնակիցներին, ովքեր համաձայն են իրենց տեսակետներին և պատրաստ են դիմադրության ճակատ կազմելով` դիմակայել «երկիրը օկուպացրած զավթիչներին», կազմակերպիչները խնդրեցին մոտենալ պուրակում տեղադրված սեղաններին և թողնել իրենց ստորագրությունները:
Նշվեցին պայքարի կազմակերպման հաջորդական քայլերը. նախ պետք է ինքնակազմակերպվել գյուղերում և քաղաքներում, ապա ստեղծել կառավարման ինքնուրույն կառույց:
Գյումրիում արդեն ստեղծվել է համակարգող խումբ, որը «կանոնակարգելու է բարձրացող ալիքը»: Նման օղակ կստեղծվի նաև Վանաձորում: Եվ առհասարակ, ըստ Նախախորհրդարանի, ամբողջ Հայաստանն ու սփյուռքը պետք է դառնա «բարձրացող ալիք»: Իսկ պայքարի մեկնարկը տրվեց Վանաձորից, քանի որ խորհրդանշական այս օրը` 95 տարի առաջ այստեղ` Ղարաքիլիսայում` այսօրվա Վանաձորում էր որոշվում Հայաստանի ճակատագիրը: