Զարուհի Փոստանջյանը ընտանիք ունի, չորս երեխաների մայր է ու որևէ մեկը իրավունք չունի նրան վիրավորելու
«Գալուստ Սահակյանը երբեք էլ կոռեկտությամբ չի փայլել»: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանը՝ անդրադառնալով Ազգային Ժողովում ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանի կողմից հնչեցված արտահայտություններին՝ ուղղված «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանին:
«Նա այն տարիքում է, որ գոնե երիտասարդ կանանց նկատմամբ, էլ չեմ ասում՝ ավելի տարիքով, իրեն կոռեկտ պահի, որ չփորձի վարկաբեկել մարդկանց: Թող նախ իր շուրջը նայի: Զարուհի Փոստանջյանը ընտանիք ունի, չորս երեխաների մայր է ու որևէ մեկը իրավունք չունի նրան վիրարվորելու»,- ասաց նա:
Լինելով ԱԺ Էթիկայի հանձնաժողվի անդամ՝ Լյուդմիլա Սարգսյանը նշեց, որ ինքը, ինչպես նաև ՀՅԴ ներկայացուցիչը, բոյկոտել են էթիկայի հանձնաժողովի աշխատանքները: «Եթե ՀՀԿ խմբակցության ղեկավարը, ի լուր աշխարհի կարող է վիրավորել կին պատգամավորին, ու նրա հարցը չի մտնելու էթիկայի հանձնաժողով, իսկ ես վստահ եմ, որ չի մտնի, ապա բոլոր պատգամավորների հարցն էլ անիմաստ է մտցնել: Ինձ համար նշանակություն չունի՝ կինը ո՞ր խմբակցությունն է ներկայացնում, ես լրջագույն էթիկայի խախտում եմ համարում հայ կնոջ վարքագիծը էթիկայի հանձնաժողովում քննարկելը: Ես ամեն օր եմ փորձում անել՝ ԱԺ-ում ներկայացնում եմ հայ կնոջ հավաքական կերպարը ու հակված չեմ խեղաթյուրել այն»,- նշեց նա:
168.am-ը հետաքրքրվեց, թե այդ դեպքում պատգամավորների կողմից էթիկայի խախտումները ինչպե՞ս կարելի է կանխել, եթե հիշյալ հանձնաժողովը նմանատիպ հարցերը չի լուծում: Լ. Սարգսյանը պատասխանեց. «Նախ՝ բոլորը պետք է բոյկոտեին այս հանձնաժողովը: Ոչ մի հարց այդտեղ չի լուծվում: Իսկ ես տրամադրված չեմ լինել մի տեղ, որտեղ իմ ձայնը վճռորոշ չէ: Եթե սա ֆարս է, ես ոչ մի ցանկություն չունեմ մասնակցելու: Պետք է պարտադրել, որ հաջորդ նստաշրջանին հետ քայլ անենք ու նախկին համաչափությանն անցնենք»: