ԼՂՀ նախկին զինդատախազը կապ ունի՞ Հայրիկյանի մահափորձի հետ

«Առաջին լրատվական»-ի տեղեկություններով՝ Վարդան Սեդրակյանի գործի հետ կապված է նաև Արմեն Զալինյանը՝ ԼՂՀ նախկին զինվորական դատախազը, ԼՂՀ նախագահի նախկին խորհրդականը:

Աղբյուրի հաղորդմամբ՝ Զալինյանը տարիներ շարունակ մտերիմ կապերի մեջ է եղել Վարդան Սեդրակյանի հետ: Ըստ որոշ տեղեկությունների՝ նա սերտ կապեր ունի նաև Ռուսաստանի որոշ քաղաքական ուժերի հետ:

Հայտնի է, որ Սեդրակյանը քաղաքական իր քայլերը կատարելիս հաճախ խորհրդակցել է հենց Զալինյանի հետ, ստացել տեղեկություն հայաստանյան քաղաքական վերնախավի խնդիրների, երկրում տիրող իրավիճակի, կոնկրետ պաշտոններ զբաղեցնող անձանց իրավիճակի և դիրքորոշման վերաբերյալ:

Նշվում է, որ Սեդրակյանն ու Զալինյանը ունեն նաև ֆինանսական կապեր. Զալինյանը զբաղվում է Հայաստան դեղամիջոցներ ներկրելով:

«Առաջին լրատվական»-ը զրուցել է Վարդան Սեդրակյանի փաստաբան Ալեքսանդր Սիրունյանի հետ: Հարցին՝ ի՞նչ կապ ունի Զալինյանը Սեդրակյանի և Պ. Հայրիկյանի դեմ կազմակերպված մահափորձի հետ, փաստաբանը պատասխանել է. «Ի՞նչ կապ կարող է ունենալ, եթե անգամ Սեդրակյանը կապ չունի: Այո, Զալինյանն ու Սեդրակյանը ոչ թե ընկերներ, այլ բարեկամներ են, սակայն դա ոչ մի կապ չունի մահափորձի կազմակերպման հետ»:

Նա չի հերքել, որ Սեդրակյանն ու Զալինյանն իրար հետ ճանապարհ են անցել, սակայն համոզված է՝ Սեդրակյանի անմեղությունը կապացուցվի:

Կայքը հիշեցնում է, որ Զալինյանին իր պաշտոններից ԼՂՀ-ում հեռացրել են կաշառակերության, առանձնակի մեծ չափերի գումարներ շորթելու պատճառով, ինչի համար էլ նա դժգոհ է ներկա իշխանություններից:

Տեսանյութեր

Լրահոս