Ալեքսան Պետրոսյանը պատրաստվում է դիմել նաև սփյուռքին. ևս մեկ համահայկական դրամահավաք
Արմավիրի մարզում կարկուտից տուժած գյուղացիներին օգնելու նպատակով մեծամասնական ընտրակարգով Արմավիրի մարզից ընտրված ՀՀԿ-ական պատգամավոր Ալեքսան Պետրոսյանի առաջարկով երեկ հաշվերահամար է բացվել, որին գումար են փոխանցում ԱԺ պատգամավորներն ու նախարարները:
168.am-ի հետ զրույցում Ալեքսան Պետրոսյանը, ի պատասխան այն հարցին, թե որքա՞ն գումար է հավաքվել՝ ասաց, թե գումարի չափի մասին ինքը դեռևս հստակ տեղեկություն չունի, քանի որ հաշվերահամարը երեկ է բացվել, իսկ առաջիկա չորս օրերն էլ ոչ աշխատանքային են, ուստի հնարավոր չի լինի նաև այդ օրերին տեկություն իմանալ: Ա. Պետրոսյանի խոսքով՝ այդ ինֆորմացիան հասու կլինի միայն չորեքշաբթի օրը:
Միաժամանակ Ա. Պետրոսյանը վստահեցրեց, թե այդ հաշվեհամարին գումար փոխանցելու ցանկացողներ կան, օրինակ, ըստ նրա՝ «պատրաստակամ» մարդկանց շաքերում են` ԱԺ բոլոր պատգամավորները` և ընդդիմադիր, և իշխանական, Կառավարության անդամները, Կենտրոնական բանկի նախագահը, մարզպետները, մարզպետարանները, ՀՀ ոստիկանապետը և այլոք:
«Ցանկացողների բանակը նոր թափ է հավաքում: Մենք սպասում ենք բոլորի աջակցությանը և հույս ունենք, որ ցանկացողները կշատանան»,- նշեց նա` կոչ անելով բոլորին` միանալ ու աջակցել կարկուտից տուժած բնակիչներին:
Մեր հարցին, թե արդյոք արտասահմանում բնակվող գործարարերը ցանկություն հայտնե՞լ են միանալու իր նախաձեռնությանը, նա պատասխանեց. «Ոչ, դեռ ցանկություն հայտնողներ չկան, ես այդ մասին չգիտեմ, բայց մենք դիմելու ենք բոլորին ու դիմելու ենք նաև սփյուռքի համար եթեր հեռարձակող հեռուստառադիոալիքներին, որպեսզի այս ամենի մասին տեղյակ պահեն` սփյուռքին, արտասահմանում բնակվող մեր հայերին` ներդրողներին, բարերարներին, բարեգործներին: Մենք նույն թափով գոնե մինչև օգոստոսի 1-ը պետք է գումարը հանձնենք գյուղացիներին: Երկու ամիս ինտենսիվ աշխատելու ենք, գիշեր-ցերեկ աշխատելու ենք»:
Հարցին, թե որքա՞ն գումար է պատրաստվում իր առաջարկով ստեղծված հիմնադրամին փոխանցել ՄԱՊ ընկերությունը, որի սեփականատերը իր որդին է, Ա. Պողոսյանը պատասխանեց, թե չորեքշաբթի օրը ՄԱՊ-ի տնօրենների խորհուրդը կորոշի գումարի չափն ու կհրապարակի այն:
Իսկ անձամբ ինքն իր անունից փոխանցելու է իր մեկ ամսվա պատգամավորի աշխատավարձը. «Ամբողջը փոխանցելու եմ: Ամբողջը»:
Նա հավաստիացրեց, որ ինֆորմացիան կլինի շատ բաց ու բանկի հետ պայմանավորվածություն ձեռք կբերվի, որպեսզի լրագրողները ամեն րոպե հնարավորություն ունենան տեղեկություն ստանալ, թե ովքեր և որքան գումար են փոխանցել հաշվեհամարին. «Ամեն ինչ շատ թափանցիկ է լինելու»,- ասաց նա:
Իսկ թե որքա՞ն գումար է ակնկալում նախաձեռնության հեղինակը հավաքել, Ա. Պետրոսյանը դժվարացավ պատասխանել՝ նշելով, որ 12.800 ընտանիքիներին մեծ գումար է անհրաժեշտ՝ իրենց նվազագույնը վնասները բավարարելու համար: Սակայն հույս հայտնեց, որ հավաքվող գումարը շատ կլինի. «Աստված տա շատ լինի` ինչքան հավաքվեց` իրանցն ա»: