Դրամահավաքին միանում են նաև նախարարները
ՀՀ գյուղատնտեսության նախարարությունն, ինչպես հայտնի է՝ հաշվեհամար էր բացել հատուկ Արմավիրի մարզում կարկուտից տուժած գյուղացիներին օգնելու նպատակով փոխանցումներ կատարելու համար: Նախարարությունը կոչով դիմել էր գործարարներին՝ առաջարկելով նրանց գումար փոխանցել՝ գյուղացիների վնասները փոխհատուցելու համար:
Պարզվում է՝ այդ դրամահավաքին որոշել են մասնակցել նաև նախարարները: Հիշեցնենք, որ նախարարների, ինչպես նաև պատգամավորների աշխատավարը 240.000 դրամ է:
168.am-ի հետ զրույցում ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը հայտնեց, որ իր աշխատավարձից 100.000 դրամ ինքն արդեն իսկ փոխանցել է կարկուտից տուժած բնակիչներին օգնություն տրամադրելու նպատակով բացված հաշվեհամարին:
Մեր հարցին, թե այդքանը բավարա՞ր է գյուղացու կրած կորուստը փոխհատուցելու համար, ԿԳ նախարարը պատասխանեց. «Ես կարծում եմ, որ այն գումարը, որը կհավաքվի, կծառայի իր նպատակին: Բայց այստեղ կարևոր է նաև հարցի բարոյական ու հոգեբանական կողմը, երբ կառավարության անդամները, իշխանության ներկայացուցիչներն իրենց անմիջական, ոչ միայն պաշտոնեական ներգրավվածությունը կունենան խնդրի գարգավորման մեջ ու հասարակության համար որոշակի ազդակ կտան` խնդիրը մեղմացնելու համար»:
Արմեն Աշոտյանը նաև տեղեկացրեց, որ իրենք աշխատում են կարկուտից տուժած համայնքների՝ մայրաքաղաքի բուհերում սովորող ուսանողների համար որոշակի արտոնություններ սահմանելու խնդրի շուրջ: Մասնավորապես, նրա խոսքով` նախարարությունն աշխատում է` տվյալ համայնքների ուսանողների համար որոշակի զեղջեր սահմանելու ուղղությամբ:
Իսկ ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանն էլ 168.am-ի հետ զրույցում նշեց, որ գյուղացու կորուստը փոքր-ինչ մեղմելու համար ինքը պատրաստվում է փոխանցել իր մեկ ամսվա ամբողջ աշխատավարձը՝ 240 հազար դրամը:
«Պետք է մենք բոլորս միմյանց հասկանանք և նրա հոգսը, ումն ավելի ծանր է՝ լուծենք… Կառավարությունը, գիտեք, որոշում կայացրեց բազմաթիվ կետերով, միջոցառումներ նախատեսեց ու մյուս նախարարներն էլ որ օգնեն, կարծում եմ, ինչ-որ չափով կմեղմենք նրանց վիճակը»,- ավելացրեց Դ. Դումանյանը:
Մեզ հետ զրույցում ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանն էլ ասաց, որ ինքը նույնպես պատրաստակամ է կարկուտից տուժած քաղաքացիներին դրամական աջակցություն ցուցաբերել. Հասմիկ Պողոսյանը պատրաստվում է իր մեկ ամսվա աշխատավարձն ամբողջությամբ փոխանցել այդ նպատակով բացված հաշվեհամարին:
Լուսանկարը՝ panarmenian.net-ի