
Մահապարտ կինը պայթեցրել է իրեն վերջին զանգի օրը

Մայիսի 25-ին պայթյուն է տեղի ունեցել Դաղստանի մայրաքաղաք Մախաչկալայում: Այս մասին հաղորդում է ռուսաստանյան «Ռեգնում» ինֆորմացիոն գործակալությունը:
Ինչպես «Ռեգնումին» հայտնել է Դաղստանի իրավապահ մարմիններում գործակալության աղբյուրներից մեկը, պայթյունն իրականացվել է Գամզատովի պողոտայում գտնվող Պետավտոտեսչության հենակետի մոտ, երբ մի կին մահապարտ պայթեցրել է իրեն:
Նշենք, որ, ըստ Ռեգնումի տվյալների, բացի մահապարտ կնոջից` այլ զոհվածներ չկան, իսկ պայթյունից տուժել են 18 հոգի: Իսկ ռուսաստանյան մեկ այլ լրատվականի` «Ռիա նովոստիի» տվյալներով` վիրավորների թիվը 12-ն է, այդ թվում` 5 ոստիկաններ:
«Արդեն հստակ ճշտվել է, որ պայթյունն իրականացրել է կին: Դեպքի վայրում հայտնաբերվել են նրա մարմնի մնացորդները»,- «Ռիա նովոստիի» հետ զրույցում ասել է դեպքի ականատեսներից մեկը: