Լ. Զուրաբյան. Այս կառավարությունը կատարելագործվել է միայն մեկ արվեստում` կրիմինալի, ընտրակաշառքի միջոցով ընտրությունները կեղծելու մեջ

«Կառավարության ծրագրի ներկայացումը, համաձայն Հայաստանի Սահմանադրության տրամաբանության, իրականում առիթ է կառավարության համար Ազգային ժողովում վստահության քվե ստանալու համար»,- այսօր ԱԺ-ում կառավարության ծրագրի վերաբերյալ քննարկման ժամանակ իր ելույթում նշեց ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը:

Վերջինս միաժամանակ նշեց, թե այս հարցի բովանդակային քննարկումն «անիմաստ» գործ է համարում: «Այս կառավարության խոսքը գրոշի արժեք չունի, քանի որ անցյալում ներկայացված ծրագրային դրույթները երբևէ չեն իրականացվել: Իսկ մինչև հիմա ներկայացված ծրագրերը, ինչպես վկայում է Վերահսկիչ պալատի 2012 թվականի հաշվետվությունը, մասնավորապես, Գյումրիի տեխնոպարկի ծրագրի իրականացման ուսումնասիրությունը, վերածվել են պետական բյուջեի միջոցների հափշտակման վակխանալիայի»,- ասաց նա` ավելացնելով, որ իշխանությունները այս հաշվետվության քննարկումը «խորամանկորեն» դրել են կառավարության ծրագրի քննարկումից հետո:

Այլապես, ըստ նրա, ԱԺ-ում հիմա կքննարկվեր պետական միջոցների բացահայտ հափշտակության ծրագիրը:

Լևոն Զուրաբյանը նաև հայտարարեց. «ՀՆԱ-ի ռեկորդային 15 տոկոսանոց անկմանը՝ աղքատության սրընթաց աճին, ռազմական ժամանակներին հատուկ ծավալների հասնող արտագաղթին և կոռուպցիայի ահռելի մեղադրանքներին, հայ ժողովուրդը աննախադեպ և աճող էնտուզիազմով գնաց ընտրությունների ու խփելով ընտրողների մասնակցության անցյալի բոլոր ռեկորդները, վերընտրեց իրեն կեղեքող և աղքատության շեմին հասցնող Հանրապետական կուսակցությանը՝ վերջին ընտրություններում արդեն նրան տալով անհավատալի՝ գրեթե 60 տոկոս ձայն»:

Համեմատելով Հայաստանի և էստոնիայի կառավարիչներին, ՀԱԿ պատգամավորը նշեց. «Էստոնացի գործընկերները հասարակ մահկանացուների նման ապրում են սովորական բնակարաններում և երթևեկում քաղաքային տրանսպորտով: Մինչդեռ Դուք, պարոն վարչապետ, և Ձեր թիմի այլ կարկառուն դեմքերը, մասնավորապես՝ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, հոդաբաշխ պատասխան այդպես էլ չտվեցին, թե ինչպե՞ս՝ առանց ժառանգություն ստանալու, զուտ ձեր հայտարարագրած պաշտոնական աշխատավարձի շնորհիվ կարողացել եք առասպելական հարստություններ դիզել: Ուստի ո՞րն է Ձեր ապշեցուցիչ ընտրական հաջողության գաղտնիքը: Այս ամենից հետևում է մի պարզ եզրակացություն. ձախողվելով պետական կառավարման բոլոր բնագավառներում և իշխանության լծակներն օգտագործելով միայն սեփական հարստացման նպատակով՝ այս կառավարությունը կատարելագործվել է միայն մեկ արվեստում` կրիմինալի, ընտրակաշառքի միջոցով ընտրությունները կեղծելու մեջ»:

Տեսանյութեր

Լրահոս