Նաիրա Կարապետյանը՝ «թաղային խուժանների», կարկուտի, գազի գնի թանկացման և բանակում տեղի ունեցած սպանության մասին
ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Կարապետյանի հայտարարությունը՝ Ազգային ժողովում.
«Հայտարարությանս կարիքը, թերևս, չէր լինի, եթե Կառավարության ծրագրի քննարկման ընթացքում չհնչեին գնահատականներ և կարծիքներ, որոնք հնչեղ են, բայց շատ ժամանակ անպատասխանատու և անվստահելի:
Բազմիցս հնչեց «թաղային խուժան» արտահայտությունը: Դուք իրո՞ք կարծում եք, որ մեր ժողովուրդը ձեր իսկ կողմից բնորոշված «խուժաններին» լսող է և հետևող: Չեմ կարծում…
Հնչեց, որ Կառավարության ծրագիրը կենացների ժողովածու է և երկրի ղեկավարի ելույթի խմբագրված տարբերակը: Հնչեցին այնպիսի կոպիտ բնորոշումներ, ինչպիսիք են «խաբող», «քցող», «եկել եք, ծրագիր եք ներկայացնում, որ ի՞նչ անեք»:
Որ երկիրը տանենք դեպի զարգացում:
Շահարկվեցին բոլորիս համար ցավալի իրողություններ՝ կարկուտից տուժած գյուղացիներ, գազի գնի թանկացում, անգամ շատ ողբերգալի միջադեպ՝ սպանություն բանակում:
Որևէ ուժի քաղաքական կշիռը չի ավելանում պոպուլիստական արտահայտություններից (չեմ ասում՝ ամբոխահաճո, քանզի չեմ դիտում սեփական ժողովրդիս իբրև ամբոխ):
Կառավարության ծրագիրը տրամաբանական է: Ճիշտ է, այն կայծակնային բարելավումներ և ամբիցիոզ ծրագրեր չի ներառում, ինչին արդարացիորեն ապասում է ժողովուրդը, սակայն իրատեսական է և կշռադատված:
Այս պայմաններում, երբ Կառավարության կազմը գրեթե նույնն է, արհեստական կլիներ ռադիկալ փոփոխություններ առաջարկող մի ծրագիր, իսկ այս ծրագրում առաջ քաշված առաջնահերթությունները (աշխատատեղերի ստեղծում, արտագաղթի, աղքատության հաղթահարում), պետք է իրականացվեն հետևողական աշխատանքի արդյունքում: Միասնական աշխատանքի արդյունքում:
Իսկ միասնական ազնիվ աշխատանքով, կարծում եմ, կհասնենք նաև այդքան նշված «վստահության միջավայրի» ձևավորմանը»: