«Նախախորհրդարանը» ողջունում է Արմավիրի մարզի 10 գյուղերի ըմբոստ բնակիչների քաղաքացիական անհնազանդության դրսևորումները
«Նախախորհրդարան» քաղաքացիական նախաձեռնությունը հայտարարություն է տարածել, որում մասնավորապես ասվում է.
«Կառավարող վարչախումբն անհիմն պատճառաբանություններով ամեն կերպ խուսափում է Արմավիրի մարզում տեղացած կարկուտից տուժած 10 գյուղերի բնակիչներին համարժեք փոխհատուցում տալու անհրաժեշտ քայլեր ձեռնարկելուց:Այս հանգամանքը ևս մեկ անգամ փաստում է վարչախմբի ապիկարությունը և յուրային ժողովրդի, մասնավորապես՝ գյուղացու հոգսերի նկատմամբ պատասխանատվության բացակայությունը: Ավելին՝ ըստ ամենայնի, վարչախմբի անգործության հետևանքով ժողովուրդը մատնվում է լրացուցիչ աղքատության և դրդվում օր առաջ լքելու Հայրենիքը:
Նախախորհրդարանը ողջունում է Արմավիրի մարզի 10 գյուղերի ըմբոստ բնակիչների քաղաքացիական անհնազանդության դրսևորումները և գտնում, որ ներկա ապազգային կառավարման պայմաններում միայն ինքնակազմակերպման նման միջոցներով կարելի է հասնել սեփական շահերի պաշտպանությանը:
Ողջունելով Արմավիրի մարզի բնակիչների պայքարը՝ անհրաժեշտ ենք համարում նշել, որ հետևանքների դեմ պայքարելուն զուգընթաց, անհրաժեշտ է աշխատել նաև դրանց բուն պատճառները վերացնելու ուղղությամբ: Միայն միասնական ճակատ կազմելով մենք կարող ենք վերացնել մեր ժողովրդի բոլոր դժբախտությունների ու տառապանքների պատճառը՝ Հայաստանի նորգաղութային վիճակն ու դրա գործիքի վերածված կառավարման համակարգը: Ուստի ընդհանրական շահը պահանջում է անձնական ու հատվածական պայքարի առուներն ուղղել դեպի ազգային ազատագրական պայքարի գետի, այն է նոր որակի պետության ստեղծման հունը»: