Վահան Հովհաննիսյան. Խաչիկյանը փորձել է արդարություն հաստատել
Ձախողումների համար Հայաստանում երբեք և ոչ ոք քաղաքական պատասխանատվություն չի կրել: Այս մասին այսօր ԱԺ-ում հայտարարել է ՀՅԴ խմբակցության անդամ Վահան Հովհաննիսյանը՝ հավելելով, որ պատճառն իշխանությունների ստեղծած անպատժելության համակարգն է:
Նա ընդգծել է, որ երբ նախօրեին ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին մի քանի հարցեր ուղղեց, պատասխանը «բարձր հռետորական մակարդակի էր, բայց ճիշտ չէր», քանի որ հարցին, թե ով է մինչև հիմա թույլ տված ձախողումների համար պատասխան տվել, իրեն «սկսեցին ինչ-որ քրեական դետեկտիվ պատմություններ պատմել»:
Ըստ դաշնակցական պատգամավորի, հարցը բնավ քրեական պատասխանատվության մասին չէ, քանի որ ակնհայտ ճշմարտություն է, որ հանցագործը պետք է բանտում նստի:
Անդրադառնալով ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի կողմից նախօրեին մատնանշած՝ կենսաթոշակների բնագավառում յուրացման համար մեղադրյալի աթոռին հայտնված Աշխատանքի և սոցիալական պետական ծառայության նախկին պետ Վազգեն Խաչիկյանի օրինակին, Վ.Հովհաննիսյանը հայտարարեց. «Խաչիկյանը փորձել է արդարություն հաստատել: Նա երևի մտածել է այսպես. եթե այս մարդիկ՝ մահացածներն ու արտագաղթածները, կարող են քվեարկել, ինչի՞ թոշակ չստանան: Այսինքն՝ եթե կարելի է բացակաների ձայներն օգտագործել, որպեսզի վերարտադրվել ու մնալ իշխանության գլուխ, ինչի՞ չի կարելի այդ մարդկանց օգտագործել, որպեսզի պարզապես մի մարդ, ասենք՝ Խաչիկյանը, հարստանա»: