Զարուհի Փոստանջյանը՝ Հովիկ Աբրահամյանին. Դուք իրա տեղը մի վիրավորվեք, ոչ էլ պաշտպանի դեր կատարեք
«Աղվան Հովսեփյանը խարդախ մարդ է»,- ԳԱԼԱ-ի փոխանցմամբ՝ ԱԺ ամբիոնից հայտարարեց ԱԺ Ժառանգություն խորհրդարանական խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը: «Պարո´ն վարչապետ, երբ որ վեց տարի առաջ այդ մարդուն ներկայացնում էիք եւ առաջարկում, որ քվեարկեինք նրա օգտին, ես բացահայտ ասել եմ, որ նա խարդախ մարդ է: Իհարկե, հիմա ԱԺ-ն փոխվել է, բայց բովանդակային մասը նույնն է մնացել»,- ասաց ԱԺ պատգամավորը:
ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը ընդհատեց Զարուհի Փոստանջյանին` խորհուրդ տալով նրան չվիրավորել դատախազին: «Տիկի´ն Փոստանջյան, մի քիչ կոռեկտ խոսենք, պետք չէ վիրավրորել մարդուն»:
«Չեմ կարծում, որ նա վիրավորվեց, բացի այդ, դուք իրա տեղը մի վիրավորվեք, ոչ էլ պաշտպանի դեր կատարեք, ինքը իրան կարա պաշտպանի»,- ի պատասխան ասաց ԱԺ պատգամավորը: Նա նաև հավելեց, որ թույլ տան ավարտի իր խոսքը եւ այդ ժամանակը, որ նա ստիպված եղավ ծախսել Հովիկ Աբրահամյանին պատասխանելու համար, հանել և նոր ժամանակ ավելացնել իր ելույթի համար:
«Խարդախ դատախազից ենք խոսում, որ եկավ մեր գործընկերոջը մեղադրում էր և ուզում էր նրան զրկեր պատգամավորական անձեռնմխելիությունից: Մենք բոլորս ենք մեղավոր, որ թույլ տվեցինք, ուր ա էդ խարդախ դատախազի մեղադրանքը»,- նշել է Զարուհի Փոստանջյանը: