Շրջակա միջավայրին «Սպայկա»-ի հրդեհի հասցրած վնասները դեռ անհայտ են
Վնաս հասցրեց, արդյո՞ք, «Սպայկա» ընկերությունում բռնկված մեծածավալ հրդեհը շրջակա միջավայրին, պարզ կդառնա միայն այս ամսվա վերջին, երբ կամփոփվեն մայրաքաղաքի ավտոմատ ֆիքսման կայանների արձանագրած տվյալները:
Այս մասին «Փաստինֆո»-ին տեղեկացրեց ՀՀ Բնապահպանության նախարարի մամուլի քարտուղար Հայկ Հակոբյանը:
«Այս պահի դրությամբ ավտոմատ ֆիքսման կայանները գոնե քաղաքի մասշտաբով որեւէ գերազանցություն չեն ֆիքսել»,- նշեց Հայկ Հակոբյանը, մեկնաբանելով-, «երբ որ ծուխը տարածվում է, չի կարող մեկ-երկու օրվա մեջ շրջակա միջավայրին վնաս հասցրած լինի»:
Նախարարի մամուլի քարտուղարի խոսքով, այս դեպքում սպասվում է օդի մեջ հիմնականում ազոտի չափաքանակի գերազանցություն, բայց դա առայժմ չի նկատվել:
Հիշեցնենք. մայիսի 15- լույս 16-ի գիշերը «Սպայկա» ընկերությունում բռնկված հրդեհի հետեւանքով բավական երկար ժամանակ` շուրջ 2 օր, քիմիական տարբեր նյութերի այրման հետեւանքով մթնոլորտ արտանետվեցին մեծ քանակությամբ վնասակար միացություններ:
Այս հանգամանքն անհանգստացրել էր նաեւ վարչապետ Տիգրան Սարգսյանին, ով նույն օրը կայացած կառավարության նիստում հնարավոր բնապահպանական վտանգի վերաբերյալ հարց էր ուղղել բնապահպանության նախարար Արամ Հարությունյանին:
Նախարարը վստահեցրել էր, որ վտանգ չկա: