Տիգրան Սարգսյան. Աղքատ երկրներում հեղափոխությունը բերում է տոտալ ոչնչացման

ԱԺ-ում «Ժառանգությյուն» խմբակցության պատգամավոր Ռուբեն Հակոբյանն այսօր ԱԺ-ում ՀՀ վարչապետ Տիգրան Սարգայանին մի քանի հարց ուղղեց: Նախ հետաքրքրվեց՝ արդյոք Տ. Սարգսյանը հնարավոր համարո՞ւմ է, որ քաղաքական այն համակարգում, որտեղ ապրում ենք, իրականացվեն այն ծրագրերը, որոնք նա ԱԺ-ում «այդպես գեղեցիկ» ներկայացրեց: Նաև հարց ուղղեց  գազի սակագնի հնարավոր թանկացման մասին՝ հարցնելով. «Ի՞նչ տարամաբանութամբ եք ակնկալում, որ Ռուսաստանը պետք է գազի գինը իջեցնի: Չե՞ք կարծում, որ եթե տարիների ընթացքում վերացվեր տնտեսական մենաշնորները, հիմա մենք Ռուսաստանից էժան գազի գին չէինք մուրա։ Վերջին երկու տարիների ընթացքում նախագահը նշել է, որ բացահայտվել է պետական բյուջերի մսխումներ` ատկատների հետ կապված, գնագոյացման: Ձեր հավաստիացումները համոզիչ կլինե՞ն ժողովրդի համար, որ գեղեցիկ ծրագրերին գեղեցիկ գործեր կհետևեն»:

Ի պատասխան՝ Տիգրան Սարգսյանն ասաց, որ ինքը էվոլյուցիոն զարգացման կողմնակից է քաղաքական դաշտում և դեմ է հեղափոխական ճանապարհին, որովհետև միջազգային փորձն, ըստ նրա, ցույց է տալիս, որ աղքատ երկրներում հեղափոխությունը բերում է տոտալ ոչնչացման:

«Մենք պարտավոր ենք էվոլուցիոն ճանապարհով գնալ առաջ, ինչի բազան պետք է քաղաքացիական հասարակության ձևավորումը լինի, որի հիմքում էլ միջին խավն է: Իսկ եթե հնարավորություն ստեղծենք փոքր ու միջին բիզնեսի զարգացմանը, կնշանակի, որ մենք հնարավորություն ենք տալիս միջին խավի զարգացմանը: Մենք գիտակցում ենք, որ ունենք լրջագույն խնդիրներ: Դուք պահանջում եք արմատական քայլեր հենց այսօր, միանգամից, իսկ մենք կարծում ենք, որ դա վտանգավոր է, քանի որ կա դիմադրություն»:

Տիգրան Սարգսյանը նշեց, որ գազի գնի հարցում Հայաստան-Ռուսաստան հարաբերությունները ազնիվ են: Նա նշեց, որ համամիտ չէ քաղաքական այն գնահատականներին, որոնք հնչում են ԱԺ դահլիճում: Ինչ վերաբերում է պետական բյուջեի միջոցները «մսխելու» վերաբերյալ Ռուբեն Հակոբյանի հարցին, ապա Տ. Սարգսյանն ասաց, թե վերջին 20 տարիների ընթացքում այս հարցը մշտապես հնչել է ԱԺ ամբիոնից՝ հավաստիացնելով, թե նախորդ տարիների համեմատ, այս հարցում հրապարակայնության տարբերություն կա:

«ՀՀ-ն պետբյուջեի թափանցկության տեսանկյունից այսօր առաջատար դիրքերում է: Ավելի թափանցիկ ու վերահսկելի մեզ օգնում են բացահայտումները: Իսկ եթե այսօր դրանք ավելի շատ են, քան երեկ, դա չի նշանակում, որ այս պետբյուջեն քիչ էֆեկտիվ է, քան երեկ: Հակառակը: Այո, մենք գիտենք, որ ունենք թերություններ ու կողմ ենք դրանց մասին հրապարակայնորեն խոսելուն»,- ավելացրեց վարչապետ Սարգսյանը:

Իր հերթին Ռուբեն Հակոբյանն էլ հակադարձեց. «Շատ գեղեցիկ գայթակղիչ ձևակերպում է էվոլուցիոն ճանապարհը: ես էլ եմ կողմ էվոլուցիային, բայց հեղափոխությունը առաջանում է այն ժամանակ, երբ իշխանությունը չի մտածում, որ կարող է էվոլուցիայի արդյունքում իշխանությունից հեռանալ»:

Տեսանյութեր

Լրահոս