Բաժիններ՝

Արմավիրցիները սպառնում են խնդիրը չլուծելու դեպքում փակել Սերժ Սարգսյանի ճանապարհը

Արմավիրի մարզի 6 գյուղերի բնակիչները, ովքեր նստացույց էին հայտարարել՝ փակելով Երևան-Արմավիր ավտոճանապարհը, նստացույցը արդեն դադարեցրել են, բացել են ավտոճանապարհները՝ պայմանով, որ երկօրյա ժամկետում Կառավարությունից հստակ պատասխան են ստանալու, որ իրենց խնդիրները կլուծեն և Կառավարությունը կփոխհատուցի կարկտահարությունից տուժած համայնքներին: Այս մասին ԳԱԼԱ-ին փոխանցել է ԱԺ «Ժառանգություն» կուսակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը, ով Արմավիրից վերադառնում էր Երևան:

Նշենք, որ ակցիայի մասնակիցներին միացել էր նաև ՀՀ նախագահի նախկին թեկնածու Անդիաս Ղուկասյանը, ով ևս գյուղացիների հետ հայտարարել էր նստացույց:

Արմավիրցիները փակել էին ոչ միայն Երևան-Արմավիր տանող ճանապարհահատվածը, այլև ոտքով քայլելով շուրջ 2 կմ` փակել էին բոլոր շրջանցիկ ճանապարհները:

«Շուրջ 2 կմ քայլելով` հասել էին շրջանցիկ ճանապարհներին ու Երեւանից բերող ու Երեւան տանող բոլոր ճանապարհները փակել էին, իսկ մեքենաները շարված են ամբողջ ճանապարհների երկայնքով»,- ԳԱԼԱ-ին նկարագրել էր դեպքի վայրից ակտիվիստ Սարո Սարոյանը:

Շուրջ 5 ժամ ՀՀ քաղաքացիները ինքնակազմակերպվելով հայտարարել էին նստացույց, նստել ճանապարհներին, դադարեցրել երթեւեկությունը: Նշենք, որ նրանք պահանջում էին, որ իրենց հետ հանդիպման գա ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, ում հիշյալ համայնքներում ՀՀ նախագահի ընտրությունների ժամանակ վստահության բարձր քվե էին տվել՝ 60-80 տոկոս: Սակայն գյուղացիների հետ հանդիպման գնացին ՀՀ փոխվարչապետն ու ՀՀ գյուղատնտեսության նախարարը, ովքեր առաջարկում էին դադարեցնել նստացույցը, բացել ճանապարհները եւ քայլել դեպի Արմավիրի մարզպետարան եւ այնտեղ հարցը լուծել: Սակայն արմավիրցիները տեւական ժամանակ չէին համաձայնվում: Երկար բանակցություններից հետո նրանք ժամը 16:00-ի սահմաններում բացեցին ավտոճանապարհները՝ երկօրյա ժամկետում Արմավիրի մարզպետից դրական պատասխան ստանալու պայմանով, հակառակ դեպքում` գյուղացիները խոստանում են վերսկսել բողոքի գործողությունները, փակել նաեւ Սարդարապատ տանող ճանապարհը, որտեղից մայիսի 28-ին անցնելու է երկրի նախագահը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս