Ինչպե՞ս դիմակայել հոգեորսությանը
Փողոցում ձեզ մոտենում է խնամքով հագնված, քաղաքավարի և ընդգծված սիրալիր մի մարդ: Նա անպայման թույլտվություն է հարցնում ձեզնից` նախքան խոսակցությունն սկսելը: Ընդհանուր բնույթի մի քանի արտահայտություններից հետո անցնում է «Աստծո մասին» խոսակցության: Նման կարգի հոգեորսներն աղանդի ամենացածր աստիճանում գտնվողներն են: Նրանք շատ համբերատար և համառ են: Որպեսզի միանգամից դիմակայեք ձեզ վրա կատարվող հոգեբանական ճնշմանը, ինքներդ ձեզ հարցրեք` «Արդյոք կցանկանայի՞ ես էլ այս մարդու նման լինել, նրա նման ամբողջ օրը թափառել փողոցներում` փորձելով անցորդներին հավաքագրել»:
Ձեր ապահովության համար պետք է ի սկզբանե հստակ և սկզբունքային դիրք բռնեք: Մոտեցող աղանդավորին վերաբերվեք այնպես, ինչպես կվերաբերվեք առևտրական գրասենյակի ներկայացուցչին, ով գովազդում է ժամկետն անց և անպիտան մի ապրանք` սակայն նորաձև և ժամանակակից փաթեթավորմամբ: Աշխատեք հնարավորինս խուսափել այդ սիրալիր և կպչուն անծանոթների հետ շփումներից: Պետք չէ վերցնել նրանց կողմից առաջարկվող աղանդավորական գրքերն ու թերթոնները, առավել ևս տալ ձեր հասցեն կամ հեռախոսի համարը: Աղանդավորների հետ շփումը կարելի է շարունակել միայն այն դեպքում, եթե որևէ պատճառով ցանկանում եք ետ պահել այդ մարդուն աղանդի կործանարար ազդեցությունից: Սակայն դրա համար դուք պետք է բավականին լուրջ պատրաստվածություն ունենաք: Հակառակ դեպքում խոսակցության մեջ մտնելն անիմաստ է:
Եթե որևէ մեկին թվում է, թե քայքայիչ աղանդներն ամենազոր են և նրանց դեմ պայքարելն անօգուտ է, ապա հարցրեք ինքներդ ձեզ. «Իսկ բակտերիաներն ու վիրուսներն ամենազո՞ր են»: Մենք ապրում ենք վիրուսակիր միկրոօրգանիզմներով շրջապատված, սակայն նրանք ազդում են մեր օրգանիզմի վրա այն դեպքում, երբ թուլանում է մեր սեփական բիոլոգիական պաշտպանությունը: Աղանդներից խուսափելու համար պետք է վարվել այնպես, ինչպես վարվում ենք մեր ֆիզիկական առողջությունը պաշտպանելիս, այսինքն` բարձրացնելով օրգանիզմի դիմադրողականությունը: Տվյալ դեպքում պետք է բարձրացնել «հոգևոր իմունիտետը» և հնարավորինս խուսափել «վարակված» մարդկանց հետ շփումներից: Իսկ եթե, այնուամենայնիվ, «վարակվել եք», ապա պետք չէ զբաղվել «ինքնաբուժությամբ», անհրաժեշտ է դիմել մասնագետների օգնությանը, ովքեր փորձ ունեն այդ բնագավառում: