«Ժողովուրդն արմատական փոփոխություններ է ուզում և պատրաստ է փողոց դուրս գալ»
«Կարծում եմ` բանակում շատ լուրջ բարեփոխումներ են պետք կատարել, թե չէ այսպիսի ողբերգությունները կշարունակվեն: Պատժել է պետք ամեն դեպքի համար` վերից վար»,- galatv.am-ի հետ զրույցում ասել է «Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը` խոսելով Լյուքս Ստեփանյանի սպանությունից:
Հարցին, թե ինչ է կարծում, կկատարե՞ն արդյոք բարձրաստիճան պաշտոնյաները իրենց խոստումը՝ պատժելով համակարգի մեղավորներին, թե՞ ամեն հինգշաբթի կառավարության դեմ բողոքող մայրերի շարքը կհամալրվի ևս մեկով, պատասխանել է. «Ես որևէ լուրջ փոփոխություն Սարգսյանից չեմ սպասում: Կարծում եմ` ամեն ինչ կտանի իրավիճակի էլ ավելի արմատականացման, և մի օր այս ամենը կպայթի… Նրանք, ովքեր այսօր կարծում են, որ իրավիճակին կտիրապետեն…»:
Արդյոք այդ «պայթյունի» դեմն առնված չէ, քանի որ գնալով ահագնանում են արտագաղթի տեմպերը: Արամ Կարապետյանը նշել է. «Երկրում մնացած մարդիկ պայքարելու են իրենց ապրելու իրավունքի համար: Թե այսօրվա դեպքերը, թե Հայաստանի համար այլ վայրերում ընթացող պրոցեսները ցույց են տալիս, որ ժողովուրդն արմատական փոփոխություններ է ուզում և պատրաստ է փողոց դուրս գալ: Ժամանակի խնդիր է միայն…»: