Այգեզարդ գյուղի բնակիչները հայտարարում են՝ հարցը չլուծվելու դեպքում բոլոր ճանապարհները տանելու են Բաղրամյան 26
Այսօր՝ մայիսի 19-ին, Արարատի մարզի Այգեզարդ գյուղում են հավաքվել գյուղի բնակչության հիմնական մասը: Այս մասին հաղորդում է shamshyan.com կայքը:
Ինչպես գյուղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, գյուղացիները հայտարարել են, որ գյուղի ճանապարհները ամբողջվին գտնվում են անբարեկարգ վիճակում, իսկ հսկայական փոսերի պատճառով գյուղը սպասարկող ավտոբուսի և մասնավոր տաքսու վարորդները նշված գյուղով չեն ցանկանում երթևեկել, քանի որ 20 մ երթևեկելուց հետո ավտոմեքենաները պետք է տեղափոխվեն արհեստավորի մոտ:
Այգեզարդցիների համար ասֆալտապատ ճանապարհը համարվում է զարդ, բայց այդ զարդը չեն տեսնում իրենք, իսկ նշված ճանապարհով են մեկնում նաև Քաղցրաշեն, Այգեպատ, Նորաշեն և մի քանի այլ գյուղեր: Վերջին անգամ Այգեզարդի ահռելի փոսերը լցվել են անցյալ տարի՝ խորհրդարանական ընտրությունների ժամանակ, երբ թեկնածուները իրար հերթ չտալով սարեր են խոստացել, սակայն ընտրություններից հետո պատգամավորների խոստումները սարի քամու նման համբարձվել են:
Գյուղապետ Արթուր Մանուկյանը չի կարողացել համոզել գյուղացիներին, որ համբերեն մինչև հունիս-հուլիս, քանի որ այդ ամիսներին Կառավարությունը խոստացել է, որ գյուղում սկսվելու են ասֆալտապատման աշխատանքները, զուգահեռ կապիտալ վերանորոգվելու է նաև ջրագիծը:
Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ քիչ առաջ ինքը խոսել է Արարատի մարզպետ Էդիկ Բարսեղյանի հետ, ով նույնպես հաստատել է գյուղապետի ասածները, որ հունիս-հուլիս ամիսներին սկսվելու են աշխատանքները, սակայն գյուղի բնակչության մեծամասնության մոտ կասկածներ կան, կսկսվե՞ն աշխատանքները, թե՞ հերթական անգամ պատկան մարմինները ստում են:
Այգեզարդցիները ֆոտոլրագրողի հետ զրույցում ասել են, որ եթե այդ ընթացքում էլ չլուցվի ճանապարհների հարցը, ինչն արդեն 10 տարուց ավելի է չի լուծվում, ապա իրենք գնալու են Բաղրամյան 26: