«Մի օր հայաստանցու պահանջը ժայթքելու է»

«Գործող իշխանությունը, ապօրինի, ժողովրդի ձայնը գողոցած, չի հանելու այս հինգ տարին»,- Անի հյուրանոցում հրավիրած հավաքի ժամանակ հայտարարեց «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը:

«Իրենք չգնացին ժողովրդի հետ երկխոսության, պատճառ բռնեցին, թե պատրվակ, բայց մի օր հայաստանցու պահանջը ժայթքելու է: Մենք մեր պայքարը պետք է տանենք ոչ միայն իշխանափոխության, այլև՝ հայաստանցու իրավունքների վերականգնման համար: Գազի գինն ինձնից լավ գիտեք՝ սպասեցին. լավ է սպասեցին, որ ընտրություններն անցնեն՝ խնդրեմ… Ռազմավարական գործընկերություն՝ հարգանք բոլորին, բայց ոչ նրանց, ովքեր ուզում են մեր ժողովրդի շահի հաշվին ստրուկի հաշվով բանեցնել ռազմավարական գործընկերություն: 60, թե քանի տոկոս բարձրացնեն գազի գները… Հայ ժողովուրդը ժայթքելու է»:

Նա անդրադարձավ նաև ազատամարտիկների խնդրին ու ցավով նշեց. «ազատամարտիկները կյանք են տվել, իսկ այսօր իրենց մեդալներով կանգնած են հրապարակում, սոված-ծարավ, անտուն: Երբ որևէ ազատամարտիկ գնում է խոպան՝ ես ինքս ինձ հետ ինչպե՞ս ապրեմ»:

Րաֆֆի Հովհաննիսյանը նշեց, որ հասարակությունն արթնացել է, իսկ եթե ժողովուդը միավորվի «իրենց դեմ խաղ չի լինի»:

«Ժառանգության» առաջնորդը խոսք տվեց նաև նախագահի նախկին թեկնածու Պավլիկ Սարգսյանին, ով ասաց, թե անհնազանդ քաղաքացի է, ինքը հանգրվաններ չի ուզում, և ցանկություն ունի մտնելու Բաղրամյան 26:

Րաֆֆի Հովհաննիսյանից Պ. Սարգսյանը հետաքրքրվեց՝ «ե՞րբ եք պատրաստվում մտնել նավահանգիստ»: Ի պատասխան Ր. Հովհաննիսյանը նշեց. «Ով կարծում է, որ պայքարը կարելի է մի փամփուշտով, մի օրվա միջոցով, մի ակնթարթում, մի միտինգով իրականցնել՝ սխալվում է. բացեք պատմության էջերը ու կտեսնեք, թե ինչ է նշանակում հույս ունենալ, որ կարելի է մի օրում փոխել երկիրը»:

Նա նշեց, որ պայքարը պետք է շարունակական լինի: Պ. Սարգսյանը նաև ցանկություն հայտնեց, որ Րաֆֆի Հովհաննիսյանը իր թոռնիկի կնքահայրը դառնա, բայց նշեց, որ թոռնիկն արդեն արտագաղթել է:

Տեսանյութեր

Լրահոս