Բաժիններ՝

««Եվրատեսիլի» կազմակերպիչները Հայաստանում արդեն շատ են ծերացել, մի խումբ ֆրայերներ պիտի հեռանան այդ դաշտից»

«Գոհար Գասպարյանն անընդհատ ներշնչում էր բոլորիս, որ «Դորիանսը» հրաշալի է երգել, որ տղաները փայլել են ու նրանց պետք է դիմավորել հերոսների պես… Իհարկե, կասի, կհորդորի… Դե, «Կյանքի խոսքն» էնքան է «ոգևորել» նրան իր «հոնորարներով», որ հիմա պիտի արդարանա… Որևէ անակնկալ չկար «Դորիանսին» տրված գնահատականների մեջ. «Եվրատեսիլի» ամենաանգույն երգերից մեկը` մրցույթին բնորոշ շոուի բացակայությամբ… Մասնավորաբար կատարման ավարտը հուշեց, որ արհեստական ոչինչ ընդունելի չէ…»,- անդրադառնալով «Եվրատեսիլ 2013» երգի մրցույթին և մրցույթում Հայաստանը ներկայացնող «Դորիանս» խմբին, Facebook-յան իր էջում գրել էր թատերագետ Լևոն Մութաֆյանը և ավելացրել. «Անտարակույս, կար նաև Սփյուռքի անտարբեր ու անհոգ վերաբերմունքը… Մի խոսքով: «Եվրատեսիլի» կազմակերպիչները Հայաստանում արդեն շատ են ծերացել, արդեն ապացուցել են, որ մի խումբ ֆրայերներ պիտի հեռանան այդ դաշտից: Պիտի հեռանան գոհարգասպարյաններն ու անդրեյկաները… Պիտի ամեն ինչ սկզբից սկսել…»:

Թատերագետը նաև նշել էր, որ «անշուշտ, լուրջ մտահոգություններ և անհանգստություններ ունենք «Եվրատեսիլում» մեր ունեցած արդյունքների առթիվ»:

«Սակայն, ի վերջո, շատ վաղուց հարուստ մշակույթ ունեցող երկրները չեն կարևորում այդ մրցույթը, մասնակցում են ընդամենը մասնակցելու համար… Եթե Ադրբեջանը հսկայական գումարներ է ծախսում, վարձում լավագույն բեմադրիչներ ու PR-շիկներ, հասկանալի է, ինքնահաստատվելու կարիք ունի: Նույնը` մի շարք այլ երկրներ… Մաքրենք մեր ներքին դաշտը, դուրս նետենք հնոտիքը, բայց շատ լուրջ չմտածենք այս ամենի մասին: «Եվրատեսիլն» ընդամենը թեթև, խորքային ոչինչ չունեցող շոու է:

Մի բան էլ, ես վերջերս հրապարակավ խոսեցի այսպես կոչված եվրոպական արժեքների մասին… Եվրոպան միատարր չէ, այն ձևավորվել է բազմաթիվ դեռևս չկայացած, մշակութային թույլ հենարաններ ունեցող երկրներից, մի շարք երկրներում սկսել են քվեարկություններն անտեսվել բնիկների կողմից` այդ «հաճույքը» թողնելով եկվորներին….

Այնպես որ, մտածենք, թե ինչպես աշխարհին մատուցենք Տիգրան Մանսուրյան, Աշոտ Զոհրաբյան, երիտասարդ կոմպոզիտորների այն սերնդին, որն արդեն ինքնատիպ քայլեր է անում: Մտածենք Եվրոպային զարմացնելու մեր կերպարվեստով և գրականությամբ… Թե չէ երեք րոպեանոց հաճույքի հաղթանակները ընդամենը քաղաքական ու շատ քիչ էլ մշակութային խաղեր են…»,-գրել էր Լևոն Մութաֆյանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս