Հայտնաբերել են առանձնակի դաժանությամբ 23-ամյա աղջկան սպանած և դին հրկիզած երիտասարդին (լուսանկարներ)
Այսօր՝ մայիսի 19-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության և նույն վարչության 2-րդ վարչության, ինչպես նաև՝ ոստիկանության Մաշտոցի բաժնի աշխատակիցները ոստիկանության Մաշտոցի քննչական բաժնի քննչական խմբի հետ օպերատիվ-քննչական համալիր աշխատանքների արդյունքում՝ իրացնելով օպերատիվ տվյալները, ոստիկանության Մաշտոցի բաժին են բերման ենթարկել Երևան քաղաքի Ավան վարչական շրջանի Քուչակ թաղամասի բնակիչ 25-ամյա Դավիթ Թամրազյանին: Այս մասին հաղորդում է shamshyan.com կայքը:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս կասկածվում է այս տարվա մայիսի 8-ին Արզումանյան փողոցի 20 Ա շենքի 3-րդ հարկի բնակարանում առանձնակի դաժանության եղանակով 23-ամյա Մարյամ Հունանյանին սպանելու, այնուհետև դին հրկիզելու մեջ:
Նշված հանցագործությունը բացահայտելու համար Երևանի ոստիկանության պետ, ոստիկանության գնդապետ Աշոտ Կարապետյանի կողմից ստեղծվել էին օպերատիվ մի քանի խմբեր, ովքեր պարզում էին սպանվածի բարեկամական, ընկերական, աշխատանքային միջավայրում գտնվող անձանց ինքնությունները:
Հայտնաբերվել է նաև հանցագործության գործիք խոհանոցային դանակը, որով Դ. Թամրազյանը սառնասրտորեն կտրել է երիտասարդ աղջկա կոկորդը, որից հետո դին այրելով դուրս է եկել բնակարանից և այնտեղից հեռացել տաքսիով:
Հայտնաբերվել է նաև տաքսու վարորդը և նրա ավտոմքենան, որով սպանությունը կատարելուց հետո Դ. Թամրազյանը հեռացել էր:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ նրա նկատմամբ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության Մաշտոցի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրօրի 104 հոդվածի 1-ին մասի (սպանություն) հատկանիշներով, դանակն առգրավված է, քննիչի որոշմամբ նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ հետքաբանական, մատնադրոշմային:
Ձերբակալված Դ. Թամրազյանը աշխատում է Ջրվեժ թաղամասում գործող «Հին Ջրվեժ» ռեստորանում՝ որպես խոհարար: