«Կենտրոն» հեռուստաընկերությունը բողոքում է՝ հրել են լրագրողին, զավթել տեսախցիկը
«Տեղեկանալով այն մասին, որ զորամասերից մեկում դեռևս չպարզված հանգամանքներում զոհված զինծառայողների հարազատները ի նշան բողոքի դին տեղափոխում են Երևան Կենտրոն հեռուստատեսության Էպիկենտրոն լրատվական ծառայության նկարահանող խումբը մեկնել է նկարահանման: Սևան-Երևան ավտոմայրուղու վրա սակայն անսպասելիորեն հայտնվել են ուժային տարբեր կառույցների համազգեստավոր և քաղաքացիական հագուստով բազմաթիվ ներկայացուցիչներ և արգելել են շարունակել նկարահանումները: Քաղաքացիական հագուստով ոմն անձնավորություն, հայհոյախառն արտահայտություններով հրել է հեռուստատեսության օպերատորին՝ բռնի ուժով զավթելով տեսախցիկն ու տեսախցիկի որոշ մասեր ջարդուփշուր անելուց հետո՝ հանձնել համազգեստավոր ինչ-որ մեկին: Մեր աշխատակիցների բոլոր առարկություններն արժանացել են կոպիտ և հայհոյախառն վիրավորանքների: Դեպքից մեկ ժամ անց բռնի ուժով գողացված տեսախցիկը, սև համազգեստով ռազմական ոստիկանության ներկայացուցիչները հետ են բերել սկզբում նշելով, որ այն ինչ որ մեքենայի մեջ է եղել, հետո էլ բացահայտ ցինիզմով ավելացրել են, թե տեսախցիկը ծառի տակից են գտել: Մասնատված տեսախցիկը մի քանի րոպե պահել են ՊՆ 101 պետհամարանիշով ավտոմեքենայի մեջ, որից հետո, առանց ձայնագրման կրիչների վերադարձրել են մեր նկարահանող խմբին:
Մենք սա գնահատում ենք, որպես բացահայտ խոչընդոտում լրագրողական աշխատանքին, խոսքի ազատության ակնհայտ ոտնահարում և սահմանափակում: Խստորեն դատապարտում ենք այս երևույթը, միաժամանակ պահանջելով իրավապահ մարմիններին հայտնաբերել և պատժել այն մարդկանց, ովքեր դրսևորել են շարքային խուլիգանի վարքագիծ և իրավամբ չեն կարող տեղ ունենալ ոչ իրավապահ, ոչ պաշտպանության նախարարության համակարգերում:
Հ.Գ. Համապատասխան իրավապահ մարմիններին խնդրում եմ իմ հայտարարությունը ընդունել, որպես հաղորդագրություն հանցագործության մասին»:
Կենտրոն հեռուստատեսության տնօրեն Գոռ Մարտիրոսյան