Ակտիվիստուհին՝ Վալերի Օսիպյանին. Ամբողջ Հայաստանը ճանաչում ա ձեր կերպարանքը ու ձեզ ասում ա՝ սրիկա (տեսանյութ)
«Սերժ Սարգսյանը, Աղվան Հովսեփյանը, Գևորգ Կոստանյանը, Սեյրան Օհանյանը, Վովա Գասպարյանը, ով արատավոր, այլանդակ ռազմական ոստիկանության հեղինակն է, պետք է գան այստեղ: Իսկ Տիգրան Սարգսյանը կգա, թե չի գա` դա ինձ չի հուզում»,- Կառավարության առջև հայտարարեց բողոք-ակցիայի մասնակից, «Բանակն իրականում» նախաձեռնության անդամ Ծովինար Նազարյանը:
Հիշեցնենք, որ մահացած զինվոր Լյուքս Ստեփանյանի դեպքի առիթով մի խումբ քաղաքացիներ այսօր հավաքվել են ՀՀ կառավարության դիմաց ու վարչապետից պահանջում են բացատրություն տալ Երևան-Մարտունի մայրուղու մոտ տեղի ունեցած միջադեպի առնչությամբ: Նրանք պահանջում են, որ Տիգրան Սարգսյանն իր աշխատասենյակից դուրս գա և բացատրություն տա իրենց, թե ինչու են արգելել մահացած զինվորի դին բելեր Երևան:
«Գուցե Տիգրան Սարգսյանը վախենում է ոստիկանների քանակից, ու եթե նրանք հեռանան, գուցե նա չվախենա իջնել, որովհետև իրականում այս երկրում վտանգը պետությունից է սպառնում քաղաքացիներին և ոչ հակառակը»,- նշեց Ծ. Նազարյանը:
Ակցիային ներկա զոհված զինվորների մայրերը, ակտիվիստները, պատգամավոր Զարուհի Փոստանջյանը և մի շարք քաղաքացիներ մոմեր վառեցին՝ ի հիշատակ իրենց զավակների ու Լյուքս Ստեփանյանի, ում հենց այդ պահին իր գյուղում հանձնեցին հողին:
Այս ընթացքում նաև Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը վեճի բռնվեց ակտիվիստներից մեկի հետ: Վեճի դրդապատճառը պարզել չհաջողվեց, բայց ինչպես պարզ դարձավ նրանց խոսակցությունից՝ Վ. Օսիպյանը Վարդգես Գասպարիին, ով, ի դեպ, բացականչում էր «Սերժիկ, սրիկա, Սերժիկ, մարդասպան», ասել էր. «Մեղք ես»:
Ակտիվիստ կանացից մեկը վիրավորվել էր, ուստի Վ. Օսիպյանին հակադարձում էր՝ ասելով.
«Մեղքը հաստատ Դուք եք: Ամբողջ Հայաստանը ճանաչում ա ձեր կերպարանքը ու ձեզ ասում ա՝ սրիկա. լավ կլիներ, որ կարմրեիք գոնե: Էդ էր պակաս, Վարդգես Գասպարիին ասում ա՝ մեղք ա…»:
Ի պատախան, փոխոստիկանապետն էլ ասաց. «Տիկին, տիկին ձեր մակարդակին հաստատ ես չեմ իջնի»:
«Իմ մակարդակին որ իջնեիք, այդ ֆորման չէիք հագնի»,- հակադարձեց ակտիվիստուհին:
Մանրամասները 168.am-ի տեսանյութում: