Ժ. Սէֆիլյան. Որդու դին Հանրապետության Հրապարակ բերելու քայլը վկայում է այն մասին, որ դանակը ոսկորին է հասել
Ժիրայր Սէֆիլյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում օրեր առաջ Նոյեմբերյանի զորամասում տեղի ունեցած միջադեպին զոհ գնացած զինծառայող Լյուքս Ստեփանյանի հարազատներին ու մտերիմներին, իսկ նույն միջադեպի հետևանքով ծանր մարմնական վնասվածքներ ստացած նրա ծառայակից ընկերոջը մաղթում եմ շուտափույթ կազդուրում:
Նշված միջադեպը ևս մի վկայություն է, որ բանակը և պետական մյուս կառույցները հիմնված են քրեական բարքերի վրա, վերածվել են երկրի ու ժողովրդի կեղեքման գործիքի և նրանց հիմնական նպատակը ոչ թե իրենց պաշտոնական գործառույթների կատարումն է, այլ վարչախմբի ու նրա օտար տերերի շահերի սպասարկումը:
Միևնույն ժամանակ՝ զոհված զինծառայողի ծնողի կողմից որպես համակարգի դեմ ընդվզման ծայրահեղ միջոց իր որդու դին Հանրապետության Հրապարակ բերելու քայլը վկայում է այն մասին, որ դանակը ոսկորին է հասել: Որդեկորույս ծնողի այս հուսահատ և, միևնույն ժամանակ, սթափեցնող քայլը մեզ ահազանգում է, որ ամեն օրը կոնկրետ մարդկանց կյանքի գին ունի, ուստի պետք է ազգովի կազմակերպվենք և օր առաջ երկրին ազատենք այս օկուպացիայից»: