Տուժող. Ոստիկանության բաժնում ինձ բռնության են ենթարկել, «արվամոլ են բերել, որ փչացնեն»
Ոստիկանության 2 օպերլիազորների դեմ գործով այսօրվա դատական նիստում վկա Ֆեդիկ Ունուսյանը «ժլատ» ցուցմունքներ տվեց՝ հայտարարելով, որ նախաքննության ընթացքում քննիչն իրեն «բացատրել է ինչպես է եղել» և ինքը հավատալով նրան՝ ասել է նույնը:
Դատարանում մանրածախ առևտրի կրպակատեր վկան հայտնեց, որ ոչինչ չի հիշում այդ օրվանից, աղոտ հիշում է միայն, որ «երկու խումբ տղաներ իրար հետ վիճում էին»: Վկան հայտնեց, որ քննիչի մոտ ասել է, որքան որ տեղյակ է եղել: Ըստ վկայի նախաքննական ցուցմունքի, 7-8 անձինք «պառկե՛ք» բղավելով հարձակվեցին առաջին խումբ տղաների վրա, պառկեցրին գետնին, նստեցրին մեքենաները, չեն ներկայացել, որ ոստիկանության աշխատակիցներ են: Վկան կրկնեց, որ դատարանում ասել է նույնքան, որքան և քննիչի մոտ:
Գործով տուժող Ռոբերտ Հովսեփյանի հետ ՀՀ ոստիկանության բաժին բերման ենթարկված վկա Կարեն Մովսիսյանը հայտնեց, որ 2012թ. հոկտեմբերի 3-ին ժամը 23-ի սահմաններում բերման է ենթարկվել ոստիկանության բաժին, իսկ հաջորդ օրը ժամը 17-18-ին «բաց են թողել»: Ըստ վկայի, ներկայացել են որպես ոստիկանության աշխատակից, հարցաքննել են, բռնություն չի կիրառվել: «Ե՞րբ հայտնի դարձավ, թե ինչու եք բերման ենթարկվել ոստիկանության բաժին» հնչեց լակոնիկ պատասխան՝ «հայտնի չդարձավ», իրեն հայտնի չդարձավ նաև, թե ինչու իր ընկեր Ռոբերտ Հովսեփյանին «բաց չեն թողնելու»:
Ըստ վկայի նախաքննական ցուցմունքի, ինքն արթնացել է «բռնե՛ք, բռնե՛ք» բղավոցներից: Պաշտպանական կողմի այս հիշեցմանն ի պատասխան վկան հայտարարեց՝ «չեմ հիշում, չեմ իմանում», ապա ավելի ուշ հավելեց՝ «որ նշել եմ, եղել է, երևի»:
Մինչ հունիսի 1-ի նիստը դատարանը կդիմի ոստիկանությանը՝ դատարանում բերման ենթարկելու համար պարզել վկաներ Վահան Թորոսյանի ու Քերոբ Սիմոնյանի բնակության վայրը՝ նրանք տուժողի հետ բերման էին ենթարկվել ոստիկանության բաժին:
Պաշտոնեական լիազորություններն անցնելու, մասնավորապես, խոշտանգումների և պաշտոնեական կեղծիք կատարելու մեջ մեղադրվում են ՀՀ ոստիկանության Երևանի վարչության Կենտրոնականի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի օպերլիազորներ Խաչիկ Բախբուդարյանը և Արտակ Բարսեղյանը: Նրանք, ըստ մեղադրանքի, ֆիզիկական ուժ կիրառելու հիմքերի բացակայության պայմաններում հարձակվել են գողություններ կատարելու համար նախկինում դատապարտված Ռոբերտ Հովսեփյանի վրա, բռնության գործադրմամբ պառկեցրել գետնին, ձեռնաշղթայով կապել ձեռքերը և նստեցնելով ավտոմեքենան՝ բերման են ենթարկել ոստիկանության Կենտրոնականի բաժին։ Ըստ մեղադրական եզրակացության, Խաչիկ Բախբուդարյանը, Արտակ Բարսեղյանը և քննությամբ չպարզված ոստիկանության երկու աշխատակիցներ, ակնհայտորեն դուրս գալով իրենց պաշտոնեական լիազորությունների շրջանակից, Ռոբերտ Հովսեփյանին ապօրինի պահել են աշխատասենյակում, ձեռնաշղթայով կապել ձեռքերը ու ծեծի ենթարկել՝ ոտքերով, ձեռքերով, մահակով հարվածելով դեմքին և մարմնին, ստիպել խոստովանել նախկինում արձանագրված և չբացահայտված գողությունների մեջ նրա մասնակցությունը։
Ի դեպ, տուժողն այսօր պահանջեց, որ բոլոր մեղավորները պատժվեն՝ ոստիկանության բաժնում իրեն բռնության են ենթարկել, «արվամոլ են բերել, որ փչացնեն»: