Լարված իրավիճակ Երևան-Մարտունի մայրուղու վրա. զինվորի դին թույլ չեն տալիս տեղափոխել Երևան
Այս պահին Երևան-Մարտունի մայրուղու վրա թեժ իրավիճակ է: Սպանված զինվորի հարազատներին ոստիկանության և ՊՆ-ի աշխատակիցները թույլ չեն տալիս զինվորի դին տեղափոխել Երևան:
Այս մասին YerevanNews.am-ի հետ զրույցում հայտնեց սպանված զինվորի հարազատներից մեկը:
Այս պահին փորձում են առաջ շարժվել:
YerevanNews.am-ը զրուցեց ՀՀ ոստիկանության հասարակայնության և լրատվության կապերի վարչության աշխատակից Արմեն Մալխասյանի հետ, ով հայտնեց, որ նման բան չկա և ոստիկանության աշխատակիցները ոչ մի ճանապարհ չեն փակել:
Իսկ Ռազմական ոստիկանությունից մեզ հայտնեցին, որ իրենք իրավասու չեն պատասխանել մեր հարցերին և մեր հարցերի պատասխանները պետք է փորձենք ստանալ ՊՆ-ից:
ՊՆ-ի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը չի պատասխանում մեր հեռախոսազանգերին:
Մեր տեղեկություններով այս պահին Սեյրան Օհանյանն արտահերթ խորհրդակցություն է անցկացնում և հավանաբար այն կապված է սպանվածի զինվորի դեպքի հետ:
Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնել էինք, որ Երկու օր առաջ Նոյեմբերյանում գտնվող ՊՆ N զորամասում ծառայակցի արձակած գնդակից զոհված Մարտունիի Վերին Գետաշեն գյուղի բնակիչ, 1994թ. ծնված զինծառայող Լյուքս Ստեփանյանի հայրը, որոշել է ի նշան որդու հետ կատարվածի դեմ բողոքի որդու դին դագաղով բերել Երևան և բողոքի միջոցառում անցկացնել Կառավարության շենքի դիմաց։
Նշենք, որ որ դեպքը տեղի էր ունեցել Նոյեմբերյանի տարածաշրջանում տեղակայված զորամասում՝ մայիսի 15-ին: Ժամկետային զինծառայողներից մեկը զորամասի ծխարանում կրակ էր բացել, ինչի հետևանքով ժամկետային զինծառայող Լյուքս Ստեփանյանը զոհվել էր: