Արմավիրի մարզում տեղի ունեցած խոշոր ավտովթարի վայրում հայտնաբերվել է առևանգված ավտոմեքենան (լուսանկարներ)
Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Արմավիրի մարզի քննչական բաժնի Վաղարշապատի քննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում երեկ՝ մայիսի 17-ին, Արմավիրի մարզում տեղի ունեցած ավտոմեքենայի առևանգման և ավտովթարի փաստով։ Այս մասին հաղորդում է shamshyan.com կայքը:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 21։15-ի սահմաններում Էջմիածին քաղաքի Մաշտոցի փողոցի 67 շենքի բնակիչ, 40-ամյա Վաղինակ Մկրտչյանը ահազանգել է ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն և հայտնել, որ Էջմիածին քաղաքի Բաղրամյան փողոցի թիվ 1 հիմնական դպրոցի մոտից անհայտ անձը կամ անձինք առևանգել են իր վարած Ford Transit մակնիշի 35 ՏD 254 համարանիշի ավտոմեքենան։
Ահազանգից անմիջապես հետո նշված ավտոմեքենան հայտնաբերելու համար ոստիկանությունը հայտարարել է ավտոհետախուզում։ Ժամը 21։30-ի սահմաններում ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Էջմիածին-Աշտարակ ճանապարհի Շահումյան գյուղի հատվածում տեղի է ունեցել ավտովթար, կա վիրավոր և անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
ՃՈ-ից օգնություն են խնդրել ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայությունից և կարճ ժամանակում վթարի վայր են ժամանել Վաղարշապատի հրշեջ-փրկարարները, ովքեր քաղաքացիների օգնությամբ 1 վիրավորին տեղափոխել են Վաղարշապատի հիվանդանոց։
Պարզվել, է, որ Շահումյան գյուղի տարածքում բախվել են անհայտ անձի կամ անձանց կողմից առևանգված Ford Transit-ն ու Ամբերդ գյուղի բնակիչ 18-ամյա Քրիստափոր Հովակիմյանի վարած Mercedes-Benz մակնիշի 25 ՍՏ 394 համարանիշի ավտոմեքենաները, որից հետո Ford Transit-ի վարորդը դիմել էր փախուստի։