
ՀՀ կառավարության 2013- 2017թ.թ. ծրագրի յուրահատկությունը. մամուլ

«Հայկական Ժամանակ» օրաթերթը գրում է. «ՀՀ կառավարության 2013- 2017թ.թ. ծրագիրը, որը առաջիկայում քննարկվելու է Ազգային ժողովում, մի չափազանց հետաքրքիր յուրահատկություն ունի: Այս ծրագրում ակնարկ անգամ չկա Հայաստանում կառուցվելիք նոր ատոմակայանի մասին:
Խնդիրն այն է, որ վերջին 4-5 տարիներին կառավարության ներկայացրած ծրագրերում առնվազն ակնարկ անպայման եղել է նոր ատոմակայանի մասին:
«Կառավարությունը շարունակելու է նաև Հայկական ատոմակայանի նոր էներգաբլոկի կառուցման ուղղությամբ կատարվող աշխատանքները»,- մասնավորապես նշված էր նույն այս կառավարության անցած տարի ներկայացրած ծրագրում:
Սա հետաքրքիր է նաև այն տեսանկյունից, որ 2008 թ. հոկտեմբերի 2-ին ժողովրդին և ԱԺ-ին ուղղված ուղերձում Սերժ Սարգսյանը բառացիորեն հայտարարեց. «Առաջիկա ամիսների ընթացքում Հայաստանը սկսում է նոր ատոմակայան կառուցել»:
Սրանից անցել է 4.5 տարի, իսկ նոր ատոմակայանի կառուցումը այդպես էլ չի սկսվում: Կառավարության ներկայացրած ծրագրում նոր ատոմակայանի մասին հիշատակման բացակայությունը կարող է նշանակել, որ Հայաստանն այլևս հրաժարվել է այդ գաղափարից»: