Բաժիններ՝

Վարկածներ «Սպայկայի» հրդեհի վերաբերյալ. մամուլ

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Նախօրեին հրո ճարակ դարձած «Սպայկա» բեռնափոխադրումների ընկերությունը մի կողմից դարձել է պետական հոգածության առարկա, մյուս կողմից շարժել հանրության հետաքրքրությունն ու ասեկոսեների, տարբեր վարկածների ու կասկածների տեղիք տվել:

Այդ հետաքրքրությունը մասամբ պայմանավորված է մեզանում բավական խորհրդավոր իմիջ ունեցող Ռոբերտ Քոչարյանի անվան հետ կապվածությամբ. հիշեցնենք, որ, ըստ բավական հավաստի տեղեկությունների, այստեղ փայատեր է նաև ՀՀ երկրորդ նախագահի ընտանիքը: Եվ կառավարության կողմից հենց առաջին օրը ցուցաբերված հոգատարությունը ոմանք հենց դրանով են բացատրում:

Կառավարության երեկվա նիստում ՀՀ վարչապետի անմիջական հրահանգով պետությունը փորձելու է աջակցել ընկերությանը՝ դուրս գալու այդ վիճակից. մասնավորապես տարածք են առաջարկելու և փոխհատուցում: Չնայած հայտնի է, որ «Սպայկան» ապահովագրված է, և այրված գույքի դիմաց փոխհատուցում այսպես թե այնպես կստանա: Կառավարության այս կայծակնային ուշադրությունը մարդկանց զայրույթն է հարուցել նաև այն պատճառով, որ տարերային աղետից տուժած գյուղացիներին օգնելու քայլեր չեն ձեռնարկվում:

Արմավիրի կարկուտից տուժած գյուղացիները, հիշեցնենք, օրերս փակել էին մայրուղին՝ ի նշան բողոքի, որ պետությունը ոչնչով չի ուզում իրենց աջակցել: Իսկ նրանց պահանջն ընդամենը գյուղատնտեսական վարկերի սառեցումն է, որ տույժ ու տուգանքների տակ չսնանկանան: Ինչևէ, բազում կասկածների տեղիք տված հրդեհի վերաբերյալ դեռ պաշտոնական բացատրություններ չեն տրվում:

Ասում են, որ փորձագիտական եզրակացությունը կտա բոլոր հարցերի պատասխանները: Սակայն հրդեհն այնքան մեծ է եղել և այնքան անսպասելի, որ ամբողջ գիշեր փորձել են մարել, բայց չեն կարողացել, իսկ երեկ կրկին լուրեր ստացվեցին, թե լոկալ հրդեհներ են ծագում տեղում: Արդյունքում 10 հազար քմ-ից ավելի տարածք է այրվել, և սա ոմանք պատահական չեն համարում:

Նման մասշտաբի հրդեհը գրեթե մենաշնորհային կարգավիճակ ունեցող ծաղկուն ընկերությունում չէր կարող հենց այնպես ծագել: Ուստի մարդիկ բացատրություններ են փնտրում: Առաջին օրը շրջանառվում էր մրցակից ընկերությունների կողմից «վատության» վարկածը: Ապա շշուկներ տարածվեցին, թե հրդեհողը հենց իրենցից է՝ ցածր աշխատավարձ ստացող կամ այն աշխատակիցների կողմից, որոնց աշխատավարձն ուշացնում են:

Իսկ երեկ նոր վարկած տարածվեց. բանն այն է, որ «Սպայկան», ինչպես և ցանկացած նման մասշտաբի ընկերություն մեծաքանակ վարկեր ունի բանկերում, և, ըստ այդ լուրերի՝ վերադարձնելու դժվարություններ: Իսկ բանկային պայմանագրերում կա «ֆորսմաժորային վիճակ» հասկացությունը, որը ներառում է նաև նման մասշտաբի հրդեհները:

Արդյունքում՝ վարկերի տոկոսների վճարումը սառեցվում է և մայր գումարի վերադարձը հետաձգվում՝ մինչև ֆորս մաժորի վերացումը: Դժվար է ասել, թե որքանով է այս վարկածը հիմնավոր: Գուցե սա ևս մրցակիցների ձեռքի գործն է: Կարծում ենք՝ ժամանակը ցույց կտա»:

Անի Առաքելյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս