
Մանկապարտեզի շենքը 4 մլն 200 հազարով վաճառվել է մի սիրիահայի. մամուլ

««ՉԻ» տեղեկություններով՝ Արարատի մարզի Այգեստան գյուղի գյուղապետ Սոկրատ Հովսեփյանը 3.5 մլն դրամով գյուղի մանկապարտեզի շենքը վաճառել է սիրիահայ մի քաղաքացու»,- գրում է «Չորրորդ Ինքնիշխանություն» օրաթերթն ու հավելում.
«Այդ առնչությամբ փորձեցինք մեկնաբանություն ստանալ Այգեստանի գյուղապետ Սոկրատ Հովսեփյանից: Ի պատասխան՝ Հովսեփյանն ասաց. «Շատ ուրախ եմ, եկեք, տեսեք, տեղում ճշտեք: Դա ոչ թե մանկապարտեզն ա, այլ մանկապարտեզից անջատված մասը: Մենք ունենք 4 խմբանոց մանկապարտեզ, վերանորոգված, ամեն ինչ արված, 100 երեխա հիմա հաճախում ա մանկապարտեզ: 4 մլն 200 հազար դրամով, աճուրդով՝ ավել մասը վաճառել ենք մի հատ սիրիահայի»:
«ՉԻ» հարցին, թե հավաստի՞ են լուրերը, որ շենքը վաճառելու դեմ արտահայտվող մանկապարտեզի տնօրենին գյուղապետը հեռացրել է աշխատանքից և նրա փոխարեն 18-ամյա անփորձ աղջկա է ընդունել, գյուղապետը պատասխանեց. «18 տարեկան չի, 21 տարեկան ա և հիմա սովորում ա օրդինատուրայում: Ժամանակավոր պաշտոնակատար անշանակված»:
«ՉԻ» տեղեկություններով՝ գյուղապետը մանկապարտեզի նոր տնօրենի մորը ևս անաշխատանք չի թողել՝ նրան նշանակելով գյուղի ակումբի վարիչ»: