Զարուհի Փոստանջյանի հայցն ընդդեմ ԿԸՀ-ի մերժվեց
ՀՀ վարչական դատարանը` նախագահությամբ դատավոր Կարինե Բաղդասարյանի, այսօրվա որոշմամբ մերժել է Երևանի ավագանու ընտրություններին «Բարև Երևան» կուսակցությունների դաշինքի վստահված անձ, Ազգային ժողովի «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Զարուհի Փոստանջյանի հայցն ընդդեմ ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի:
Զ. Փոստանջյանի դիմել էր մայիսի 5-ի բողոքի հիման վրա ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովին վարչական վարույթ հարուցելուն պարտավորեցնելու պահանջով։
Դատարանի որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ վերանայման։
Զ. Փոստանջյանը դատարան ներկայացրած հայցադիմումով հայտնել էր, որ վերոհիշյլալ գործով Երևանի ավագանու` մայիսի 5-ի ընտրությունների քվեարկության օրը, հանդիսանալով «Բարև Երևան» դաշինքի վստահված անձ, բողոքով դիմել է ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողով` ներկայացնելով թիվ 4 ընտրատարածքի տարբեր ընտրատեղամասերում ընտրախախտումների մասին փաստեր, ակնկալելով ԿԸՀ-ից վարչական վարույթի շրջանակներում գնահատական տալ տեղի ունեցած խախտումներին և պատասխանատվության ենթարկել օրինախախտներին։ Մայիսի 8-ին ԿԸՀ-ն N101-Ա որոշմամբ մերժել է իր բողոքի հիման վրա վարչական վարույթի հարուցումը։
ԿԸՀ-ն գտել էր, որ դիմումով վարչական վարույթի հարուցումը ենթակա է մերժման այն պատճառաբանությամբ, որ այն ներկայացվել է ոչ իրավասու վարչական մարմին: Այս հարցով իրավասու մարմինը թիվ 4 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովն է, որին Զ.Փոստանջյանը նույն դիմումի պատճենը ներկայացրել էր:
Դատարանը գտավ, որ «ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը իրավաչափորեն է մերժել հայցվորի դիմումով վարչական վարույթի հարուցումը, քանի որ իրավասու չէ քննելու այն, իսկ իրավասու վարչական մարմնին վերահասցեագրելու անհրաժեշտությունը բացակայել է։ Այսպիսով, ներկայացված հայցն անհիմն է և մերժման ենթակա»։
«Փաստինֆո»