Սյունիքի մարզում կարկուտի պատճառով բախվել են 2 Mercedes և ГАЗ 24 01-ը. կա վիրավոր
Այսօր՝ մայիսի 17-ին, ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ժամը 13.30-ի սահմաններում Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի ավտոճանապարհի 226-րդ կմ հատվածում բախվել են Շիրակի մարզի Արթիկ քաղաքի բնակիչ 55-ամյա Գևորգ Էլբակյանի վարած Mercedes մակնիշի 18 ՍՕ 181 համարանիշի, Արարատի մարզի Հովտաշատ գյուղի բնակիչ 47-ամյա Մայիս Մակարյանի վարած ГАЗ 24 01 մակնիշի 19 ԼՕ 989 համարանիշի և Գորիս քաղաքի բնակիչ Արման Օհանջանյանի վարած Mercedes մակնիշի ավտոմեքենաները:
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի պատճառը եղել է տեղացած կակուտը, քանի որ ճանապարհն ամբողջովին եղել է կարկուտով պատված: Վթարի հետևանքով Mercedes-ի վարորդ Գ. Էլբակյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Գորիսի բժշկական կենտրոն: Վթարի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի հրամանատար Սուրեն Խուդոյանը, հրամանատարի տեղակալ Դավիթ Ավագյանը, նույն գումարտակի 6-րդ վաշտի հրամանատար Արամ Գալստյանը և նույն վաշտի հետաքննիչ Վանիկ Սաղոյանը: Փաստի առթիվ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Սյունիքի մարզի քննչական բաժնի Գորիսի քննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում: Վարորդներին օգնություն են ցուցաբերել նաև ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության Սյունիքի մարզի փրկարարական վարչության Գորիսի հրշեջ-փրկարարները, քանի որ ավտոմեքենաներից գազի արտահոսքի վտանգ է եղել: