Բաժիններ՝

Ինչու ՀՀԿ-ն և ԲՀԿ-ն չեն կարող ընդդիմություն լինել. մամուլ

«Առավոտ» օրաթերթի խմբագիր Արամ Աբրահամյանը թերթի խմբագրականում գրում է. «ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հայտարարել է, որ աշխատանքից ազատվել է ԱՄՆ հարկային ծառայության ղակավարի պաշտոնակատար Սթիվեն Միլերը: Իսկ գիտե՞ք, թե ինչու է այդ մարդը զրկվել պաշտոնից: Նրա կազմակերպությունը «ոչ իրավաչափ» ստուգումներ է անցկացրել կազմակերպություններում, որոնք կապված են այս պահին ընդդիմադիր Հանրապետական կուսակցության հետ (խոսքը բնականաբար ԱՄՆ-ի հանրապետականի մասին է, որովհետև Հայաստանի հանրապետականը, ըստ Գալուստ Սահակյանի, երբեք ընդդիմադիր չի լինի):

Չորեքշաբթի Օբաման իր ելույթում նշեց՝ դատապարտելի վարքը, որը ի հայտ բերեց հարկային ծառայության գլխավոր տեսուչի զեկույցը, աններելի է: «Ես չեմ հանդուրժի նման վարք ոչ մի գերատեսչությունում, հատկապես հարկային ծառայությունում»:

Մի խոսքով՝ ԱՄՆ նախագահը ջղայնացավ և, ինչպես ասում են, ձեռքը խփեց սեղանին: Այդտեղ հետաքրքիր առնվազն երկու հանգամանք կա: Նախ՝ որ ԱՄՆ-ում կա հարկային ծառայության գլխավոր տեսուչ, որը վերահսկում է այդ մարմնի գործունեությունը և հայտնաբերում է չարաշահումները: Պատկերացնո՞ւմ եք՝ Հայաստանում նման պաշտոն սահմանվեր, նրա տերը կլիներ մեր երկրի ամենակոռումպացված պաշտոնյաներից մեկը:

Իսկ երկրորդը, իհարկե, այն է, որ «նալոգովիի շեֆը» պատժվել է ընդդիմադիր կառույցներում ոչ իրավաչափ ստուգումներ անցկացնելու համար: Հայաստանում ավելի շուտ հակառակը հնարավոր կլիներ՝ որ հարկայինը կպատժվեր, եթե ոչ իրավաչափ ստուգումներ չանցկացներ որևէ հացի փռում, կամ երշիկի արտադրամասում, որի տերը կասկածվում է ընդդիմության հետ կապ ունենալու մեջ: Եվ ավելի խիստ կպատժվեր, եթե հանկարծ այդ կասկածելի մարդու «օբյեկտում» իրավաչափ ստուգում անցկացվեր:

Երկու համակարգերի տարբերությունը դա է. մեկում խրախուսվում է ազատ կամարտահայտությունը ընդհանրապես և ազատ ձեռներեցությունը մասնավորապես, և պատժվում են բոլոր նրանք, ովքեր խոչընդոտում են դրան: Երկրորդում հակառակը՝ ձեռներեցությունը ձգտում են մտցնել իշխանության տիրապետության տակ: Դա երևում է հատկապես ընտրությունների ժամանակ. իշխանության «շտաբիստները» մոտենում են ցանկացած մանր և միջին գործարարի ու ասում՝ կբերես մեզ այսքան ձայն, թե չէ՝ վատ կլինի:

«Վատը» այն է, որ կգան տարբեր պետական մարմիններ, այդ թվում՝ հարկայինը, և այնպես կանեն, որ քո բիզնեսը կփակվի: Դա հանրապետականների լեզվով, կոչվում է «աշխատել ընտրությունների» ժամանակ:

Այստեղ գործարարի համար կա երկու տարբերակ՝ կամ գնալ առճակատման, կամ ենթարկվել: Բայց երկրորդ դեպքում ստորացված լինելու վիրավորանքը մնում է մարդու հոգում: Եվ շատ հնարավոր է, որ այդ սպին այնքան խորն է լինում, որ այդ գործարարն իր ընտանիքով որոշում է լքել հայրենիքը՝ որոշում, որը, կարծում եմ, պետք չէ խրախուսել կամ ողջունել, բայց որոշում, որը մարդկայնորեն հասկանալի է:

Խոշոր բիզնեսի դեպքում գործում են փոքր-ինչ ավելի բարդ մեխանիզմներ, բայց էությունը նույնն է: Հիմա հասկանալի՞ է, թե ինչու ՀՀԿ-ն և ԲՀԿ-ն չեն կարող ընդդիմություն լինել»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս