Էդուարդ Շարմազանով. ԲՀԿ առաջնորդի հայտարարությունը սառը ցնցուղ էր ԲՀԿ որոշ գործիչների համար

 ԳԱԼԱ-ի փոխանցմամբ՝ քիչ առաջ ավարտված ՀՀԿ ԳՄ նիստից հետո ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը տեղեկացրել է. «Նիստում քննարկվել են ներկուսակցական և ներքաղաքական հարցեր: Կուսակցությունը ամբողջական գնահատական տվեց ընտրություններին, քանի որ այս նիստը, ըստ էության, մանդատները վերցնելուց հետո հրավիրված առաջին նիստն էր»:

Նա նաև հայտնել է, որ կառավարության ծրագիրը կքննարկվի երկուշաբթի օրը՝ ԱԺ-ում:

«Կադրային որևէ հարց չենք քննարկել, պետք է դանդաղ շարժվենք, երբ որ լինի, ես ձեզ տեղյակ կպահեմ»,- պատասխանել է Շարմազանովը լրագրողներից մեկի այն հարցին, թե մարզպետների հարց քննարկվե՞լ է արդյոք ՀՀԿ նիստում:

Ինչ վերաբերում է գազի գնի հնարավոր բարձրացմանը, ապա, ըստ Էդուարդ Շարմազանովի՝ նիստում այդ հարցը չի քննարկվել: «Գազի գնի հետ կապված հարցեր կուսակցության ԳՄ նիստում չեն քննարկվել, առայժմ դրանք միայն առաջարկներ են, կա հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով և կառավարություն, որը զբաղվում է այդ խնդրով»:

«Նոր հեծանիվ պետք չէ հորինել, ամբողջ աշխարհում կա մի ձև իշխանությունը վերցնելու, դա ընտրություններ են: Մեր երկրում ընտրությունները ավարտված են, իհարկե եղան քաղաքական ուժեր, ովքեր մայրաքաղաքի ընտրությունները փորձեցին վերածել համապետական: Եթե ուզում են գան իշխանության, թող հանգիստ պատրաստվեն 2017 թվականի ընտրություններին»,- պատասխանելով ԳԱԼԱ-ի լրագրողի այն հարցին, թե ինչպես կմեկնաբանի ԲՀԿ անդամ Նաիրա Զոհրաբյանի այն հայտարարությունը, թե ԲՀԿ-ն պատրաստվում է հանգիստ գալ իշխանության, ասել է Շարմազանովը:

«Անկեղծ ասած չեմ էլ մտածել՝ զարմացրել է, թե ոչ, մարդն իր կարծիքն է ասել, ուղղակի փաստեցինք, որ ԲՀԿ առաջնորդի հայտարարությունը սառը ցնցուղ էր ԲՀԿ որոշ գործիչների համար: Իսկ թե ԲՀԿ-ն ընդդիմություն կլինի, իշխանություն, թե այլընտրանք, դա իրենց կուսակցության ներքին խնդիրն է»,- ասել է էդուարդ Շարմազանովը՝ մեկնաբանելով ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի այն հայտարարությունը, թե ԲՀԿ-ն ընդդիմություն չի դառնալու:

 

Տեսանյութեր

Լրահոս