ՊՆ մամուլի խոսնակը պատասխանում է ՄԻՊ-ին
ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքի իր էջում արձագանքել է ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանի հայտարարությանը։ Հիշեցնենք, որ Անդրեասյանը պաշտպանության նախարարին առաջարկել էր հատուկ հաշվետվություն ներկայացնել Ազգային ժողով զինված ուժերում մահացության դեպքերի վերաբերյալ։
Արծրուն Հովհաննիսյանը այս կապակցությամբ գրել է.
«ՀՀ ՊՆ քննչական ծառայության ձևավորման օրվանից սկսած ՀՀ զինված ուժերում կատարված յուրաքանչյուր հանցագործության դեպքով թե նախաքննության, և թե պաշտպանության նախարարության կազմում գործող օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմինները ձեռնամուխ են եղել գործի հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման օրենսդրությամբ նախատեսված պահանջի կատարման ապահովմանը՝ արդյունքում ապահովելով գործի արդարացի քննության պահանջը:
Միաժամանակ հարկ է նշել, որ ՀՀ պաշտպանության նախարարությունը երբևիցե չի խորշել օրենքով սահմանված կարգով և օրենսդրությամբ լիազորված մարմիններում յուրաքանչյուր դեպքով կատարված հետաքննության կամ նախաքննության բազմակողմանիության, լրիվության և օբյեկտիվության վերաբերյալ քննարկումներին մասնակցելուց»։