Սպանվել է Հրանտ Մաթևոսյանի եղբոր որդին
Մայիսի 15-ին` Վանաձորում, «Ղշլաղ» թաղամասում, սպանվել է Թովմա Մաթևոսյանը՝ Հրանտ Մաթևոսյանի եղբոր որդին: Թ. Մաթևոսյանը ահնիձորցի էր, աշխատում էր Մոտկորի անտառտնտեսությունում՝ որպես անտառապետ: Այս մասին գրում է asparez.am-ը:
Ոստիկանության լրատվության բաժինը հայտնում է, որ մարտի 15-ին ժ. 22.00-ի սահմաններում Վանաձորի թիվ 1 հիվանդանոցային համալիրից ահազանգ է ստացել այն մասին, որ կտրող ծակող գործիքով կրծքավանդակի շրջանում առկա վնասվածքով, իրենց մոտ է տեղափոխվել տղամարդու դիակ: Ոստիկանության լրատվության բաժինը նաեւ հայտնում է, որ մարդասպանը բնապահպանության տեսչության տեսուչ Տիգրան Մելիքյանն է, սակայն մայիսի 16-ի ժամը 16-ի դրությամբ սպանության հանգամանքների մասին փաստեր չի ներկայացրել: Կասկածյալը փախուստի մեջ է: Հարուցվել է քրեական գործ: Ոստիկանությունը նշում է, որ սպանությունը կատարվել է Բաղրամյան 21/15 հասցեում գտնվող սուպերմարկետի մոտ:
Մանրամասներ իմանալու համար այցելել ենայնտեղ, բայց սուպերմարկետի տնօրենն ասել է, որ իր խանութի մոտ սպանության մասին տեղյակ չէ, և ավելացրել է, թե հնարավոր է 100 մետր այն կողմ է տեղի ունեցել սպանությունը: Դեպքի վայրի զննությունը ոչինչ չի տվել, սուպերմարկետի դիմաց արյան որեւէ հետք չնկատեցի:
Ահնիձորի գյուղապետ Վանիկ Քառյանը լավ էր ճանաչում Թ.Մաթևոսյանին, և նրա կարծիքով, Թովման այն մարդը չէր, որ նման բախտի արժանանար: «Թովման գյուղում շատ հարգված մարդ էր, ճիշտ է, ապրում էր Վանաձորում, բայց ամբողջ գյուղը սգում է նրա կորուստը»,- նշել է զրուցակիցս: Թ. Մաթևոսյանը երկար տարիներ ապրել է Վանաձորում, Դիմաց թաղամասում, եւ այստեղ էլ նրան հարգում էին՝ որպես լուրջ, գործունյա մարդու:
Մարտի 16-ին մեր աղբյուրից տեղեկություն ստացանք այն մասին, որ Թ. Մաթևոսյանի մահը պատահական չէր: «Նրա հետեւից ընկած են եղել, չգիտեմ ովքեր, բայց նրա մահը ցանկացողներ կային»,- հայտնում է կայքի աղբյուրը: Այս կարծիքի հետ կապված՝ Ահնիձորի գյուղապետը ասել է. «Ես մանրամասներ չգիտեմ, այսօր առավոտն եմ իմացել, իմացել էմ, որ Թովմային դանակահարել են: Ես չեմ կարծում, որ նրա հետեւից ընկած լինեին, նա լուրջ տղա էր, լուրջ անձնավորություն, բարոյական, գործունյա, ես չեմ կարծում, որ նա թշնամիներ ունենար, կամ նրա հետևից ընկնեին, իսկ Տիգրան Մելիքյանի մասին ոչինչ չգիտեմ, չեմ ճանաչում»: