Հանձնաժողովի անդամի դեմքին գրանցամատյանով հարվածելու համար ոստիկանությունը հրաժարվում է գործ հարուցել (տեսանյութ)

Մարիամ Կարապետյանը Երևանի ավագանու ընտրությունների ժամանակ եղել է «Բարև Երևան» դաշինքի հանձնաժողովի անդամը, միևնույն ժամանակ` հանձնաժողովի քարտուղարը թիվ 3/19 ընտրատեղամասում: Ընտրության օրը նա նկատել է, որ կան քաղաքացիներ, ովքեր չունեն տվյալ տեղամասում քվեարկելու իրավունք, բայց փորձում են քվեարկել: Նրանց վերաբերյալ փորձել է արձանագրություն կազմել մատյանի մեջ: Տեղամասում ներկա դիտորդ Սարգիս Մաղդասյանը, սակայն, թույլ չի տվել նրան կազմել արձանագրություն և մատյանով հարվածել է նրա դեմքին: Փաստը լուսաբանվել է տարբեր ԶԼՄ-ներով:

Մարիամ Կարապետյանը ԳԱԼԱ-ի հետ զրույցում տեղեկացրեց, որ Մաղդասյանը Զեյթունում Պարույր Սևակի փողոցի վրա գտնվող` ՀՀԿ-ի շտաբի պետն է եղել: Հանձնաժողովի նախագահ Կարեն Բաղոյանը, ով եղել է ՀՀԿ-ի ներկայացուցիչը, վերոնշյալ դիտորդին դուրս է վռնդել տեղամասից, դեպքի առնչությամբ տեղյակ է պահվել ոստիկանությանը: Մարիամը հուզված և շփոթված վիճակում, ինչքանով որ կարողացել է, կազմել է արձանագրությունը, դրանից հետո նրա գործառույթները ստանձնել և շարունակել է հանձնաժողովի նախագահը:

Ըստ Մարիամ Կարապետյանի` ոստիկանները դեպքի կապակցությամբ արձանագրություն են կազմել: Մարիամը հրավիրվել է հարցաքննության, որտեղ դեպքի մանրամասներն է ներկայացրել:

«3 անգամ ես նույն ցուցմունքը տվել եմ»,-ասաց Մարիամը: Նա նամակներ է պատրաստել` ուղղված ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին, արդարադատության նախարարին, ոստիկանապետին:

«Ինձ կանչում են Քանաքեռ-Զեյթունի ոստիկանական բաժանմունք` ցուցմունք վերցնելու համար: Գործը կազմված է միայն առաջին մասով, այն է` քվեաթերթիկների պահով և ուրիշ տեղ հաշվառված քաղաքացիների անօրինական մուտքի վերաբերյալ տեղամաս, ասյինքն` 153-րդ հոդվածով: Իմ դեմքին ապտակի մասին բացարձակապես ոչ մի բառ գրված չէ: Ու ինձ ասում են` հանձնաժողովի մնացած անդամները պիտի ցուցմունք տան, որ Ձեզ հարվածել են, նոր մենք այդ ժամանակ գործ կկազմենք: Ես իմ դիմումը տվել եմ երկու մասով` անօրինական քվեարկողների մուտքի մասին արձանագրություն կազմելը խոչընդոտելու և ինձ ապտակելու մասին: Ասում են` եթե ցուցմունք տան հանձնաժողովի անդամները, նոր մենք գործ կհարուցենք: Ասում եմ` ամբողջ ինտերնետը ողողված է այդ լուսանկարներով: Ասում են` դու դատաբժշկական փորձաքննության չես գնացել, իսկ ձեր խոսքերի հիման վրա մենք չենք կարողանա: Ուրեմն իմ խոսքը բավական չի՞: Ես ոչ մի երաշխիք չունեմ, որ մնացածը ցուցմունք տան, էդ ցուցմունքը նրանք հաշվի կառնե՞ն»,- ասում է Մարիամ Կարապետյանը:

Եթե ոստիկանությունը մինչև վերջ շարունակի գործ չհարուցել, Մարիամ Կարապետյանը կդիմի ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին:

Տեսանյութեր

Լրահոս