Ստեփան Դեմիրճյանը` ՀԱԿ-ի և ՀՀՇ-ի շուրջ ստեղծված խառնաշփոթի մասին

Վերջին շրջանում, երբ Հայ ազգային կոնգրես դաշինքին անդամակցող կուսակցությունների միջև առաջացան որոշակի հակասություններ, իսկ այնուհետև «Հայոց համազգային շարժում» կուսակցության վերանվեց ու ստեղծվեց  «Հայ ազգային կոնգրես» կուսակցությունը` ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանի նախագահությամբ, քաղաքական դաշտի և լրատվամիջոցների ներկայացուցիչները սկսեցին ջանքեր գործադրել` տարանջատելու վերջերս գրանցված ՀՀՇ հասարակական կազմակերպությունը, նոր ձևավորվող ՀՀՇ կուսակցությունը, Հայ ազգային կոնգրես դաշինքը և ՀԱԿ կուսակցությունը: Այսօր հրավիրված մամուլի ասուլիսում լրագրողներին այս մասին կարծիք հարցրեցին ՀԱԿ դաշինքի հիմնադիր կուսակցություններից մեկի` Հայաստանի Ժողովրդական կուսակցության ղեկավար Ստեփան Դեմիրճյանից` ընդգծելով, որ այս բոլոր վերոհիշյալ ուժերն այսօր գոյություն ունեն:

«Եվ գոյություն ունի նաև ՀԺԿ-ն»,- ժպտալով ավելացրեց Ստեփան Դեմիրճյանը:

ՀԺԿ առաջնորդը, ով նաև ԱԺ «Հայ ազգային կոնգրես» խմբակցության անդամ է, նշեց, որ իրենց կուսակցությունը պատրաստ է համագործակցել թե´ ՀԱԿ կուսակցության, թե´ ՀԱԿ դաշինքի մեջ ընդգրկված մյուս ուժերի հետ, սակայն միաժամանակ նկատեց. «Իհարկե, որոշակի խառնաշփոթ առաջացել է, դա փաստ է, չենք կարող հերքել»:

Իսկ այդ խառնաշփոթի վերաբերյալ Ստեփան Դեմիրճյանն ասաց, որ ֆորմալ առումով ՀԱԿ դաշինքը կա, քանի որ ԱԺ-ի խմբակցությունը ներկայացնում է այդ դաշինքը, սակայն փաստացի դաշինքը չի գործում:

Ինչ վերաբերում է Արարատ Զուրաբյանի, Ալեքսանդր Արզումանյանի և ՀՀՇ հիմնադիր մի քանի այլ անդամների կողմից «Հայոց համազգային շարժում» կուսակցությունը վերականգնելու նախաձեռնությանը, այս մասին պարոն Դեմիրճյանն ասաց. «Թող ստեղծվի, այն ժամանակ նոր կարելի է խոսել»:

Հիշեցնենք, որ փետրվարի 23-ին կայացած ՀՀՇ-ի վերջին` 18-րդ արտահերթ համագումարում, որին ելույթ ունեցավ ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը, որոշվեց կուսակցությունը վերանվանել «Հայ ազգային կոնգրես», որից հետո ՀՀՇ վարչության նախկին նախագահ Արարատ Զուրաբյանը, դատապարտելով այդ փաստը, հանդես եկավ հայտարարությամբ այն մասին, որ ինքն իր համախոհների հետ միասին նոր ՀՀՇ կհիմնադրի:

Տեսանյութեր

Լրահոս