ՀԱԿ-ԲՀԿ բանակցությունը գաղտնի՞ է տարվել

Նախկին ՀՀՇ անդամ Հովհաննես Իգիթյանը համամիտ չէ ՀԱԿ կուսակցության  ռազմավարության հետ: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ Հովհաննես Իգիթյանը նշեց. «Նրանք իրենց բնութագրում են՝ որպես սոցիալ-ազատական կուսակցություն, իսկ իմ գաղափարները համահունչ չեն այս բնութագրմանը: Ես համամիտ չեմ նաև որպես հիմնական ռազմավարություն ներկայացված բուրժուադեմոկրատական հեղափոխությանը, որը բացատրվում էր, թե իշխանական բուրգից մեկ-մեկ պետք է հանվեն հարուստ մարդիկ՝ թուլացնելով իշխանական բուրգը: Տրվեց երկու անուն՝ Խաչատուր Սուքիասյան, Գագիկ Ծառուկյան… Նրանց վերջին հայտարարություններին հետևելով՝ բավական է ասել, որ չհաջողվեց մարտավարությունն, ու մարդկանց պոկելու գաղափարը հնարավոր չեղավ իրականացնել: Նույնիսկ այդ երկուսին հանել հնարավոր չեղավ, ուր մնաց՝ մնացածին»,- մասնավորեցրեց նա:

Հ. Իգիթյանի կարծիքով՝ մեկ օլիգարխին կամ հարուստ մարդուն իշխանական բուրգից հանելով՝ հարցը չի լուծվի, որովհետև նրա բիզնեսը կբաժանվի այն մարդկանց մեջ, ովքեր իշխանության մեջ էին:

Հարցին՝ ՀԱԿ կուսակցության մեջ տեսնո՞ւմ եք ստվերային խաղ, Հ. Իգիթյանը պատասխանեց. «Այո, այդտեղ գործում էին գործարքներ, իսկ ես կողմնակից եմ գործողությունների, բաց հարաբերությունների: Գործարքը գաղտնի բանակցություն է: Ես վերջին մարդը չեմ եղել ՀՀՇ-ում, այն ժամանակ գաղտնի բանակցություններ էին տարվում, իսկ ես իմանում էի ոչ թե մեր կուսակցությունից, այլ՝ բանակցության մյուս կողմից»: Լրագրողները հետաքրքրվեցին, թե գաղտնի ի՞նչ բանակցություններ են տարվել: Ի պատասխան՝ բանախոսը բացահայտեց. «Օրինակ՝ ՀԱԿ-ԲՀԿ բանակցությունը: Դա գաղտնի է եղել: Միշտ էլ սկզբում գաղտնի է եղել»:

Տեսանյութեր

Լրահոս