Ծառուկյան Գագոյի ազնվությունը և դուստր ձեռնարկության՝ Լյովիկ Զուրաբյանի համոզմունքը

«Ծառուկյան Գագոյի հայտարարության համար ասեմ, որ ինքը ազնիվ է եղել, 2 տարի մենք ՀԱԿ-ում ասում էինք, բայց նոր ՀԱԿ-ը՝ կուսակցությունը, պնդում էր՝ հնարավոր է, որ ԲՀԿ-ն դառնա ընդդիմություն: Բայց երկու տարի անց մարդը իր բերանով ազնիվ խոստովանել է: Ու պարզվում է, որ այսքանից հետո էլ Զուրաբյան Լևոնը ասում է՝ նրանք ընդդիմություն են»,- ԳԱԼԱ-ի հետ զրույցում կարծիք է հայտնել «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության ղեկավար Պետրոս Մակեյանը՝ մեկնաբանելով մայիսի 14-ին Աբովյանում Գագիկ Ծառուկյանի հնչեցրած կարծիքը, թե ԲՀԿ-ն ընդդիմություն չի կարող լինել, և սրան հաջորդող նոր կարծիքները ՀԱԿ-ից:

«Հիմա անհասկանալի է, որ մի ուժի ղեկավարը (ես «քաղաքական» բառը չեմ ասում, որովհետև այդ կառույցից փողը հանես և մեկ էլ իշխանության հովանավորչությունը հանես, տակը ոչ մի բան չի մնա), հիմա կառույցի ղեկավարն ասում է՝ մենք ընդդիմություն չենք, իսկ նրա դուստր ձեռնարկության տեղակալը՝ Լյովիկը Զուրաբյան, պնդում է, որ ընդդիմություն է: Դա ապշելու բան է: Ես չեմ հասկանում՝ ինչ միջավայրի մեջ ենք հայտնվել»,- ասել է Պետրոս Մակեյանը, ապա շարունակեց.

«2 տարի իրենք իրենց ապացուցում էին, որ ԲՀԿ-ն ընդդիմություն է և բուրժուադեմոկրատական ծրագրեր էին կառուցում, և հանկարծ մարդն ասում է՝ չէ, ես ընդդիմություն չեմ, հաջորդ օրը ասում են` ԲՀԿ-ն ընդդիմություն է, Ծառուկյանը բան չի հասկացել ասել է: Մարդիկ միջոցառման են գնում և սեղան են նստում Մարտի մեկի կնքահայրերի հետ, Մարտի մեկի գործող անձիք ներկա էին, հեգնում էին, թե Րաֆֆին Վ. Գասպարյանի հետ Ծիծեռնակաբերդ գնաց: Իսկ իրենք ինչո՞ւ համար են գնում եկեղեցու բացմանը, աղոթելու՞, չեմ կարծում, որ աղոթքը կփրկի իրենց»:

Պետրոս Մակեյանն անդրադարձավ նաև ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանի ասածներին, թե ԲՀԿ-ն չի ուզում լինել այնպիսի ընդդիմություն, ինչպես մակեյանները, սարգսյանները, շահնազարյանները… «Ես լուրջ չեմ մոտենում, որովհետև Հայաստանում ամենակորած գյուղը, ծայրամասային գյուղ որ մտնեք և գյուղամեջ՝ էշամեյդանում հարցրեք՝ էս երկրում կարո՞ղ է մարդ ունեցվածք և բիզնես ունենա և իշխանության հետ կապ չունենա և չսպասարկի իշխանությունը, իրանք լավ պատասխան կտան: Հիմա իրա թվարկած անձանցից թող թվարկի, ասի՝ ով բիզնես, ունեցվածք ունի և համեմատի իրանց կառույցի ղեկավարի հետ, որը օլիգարխ է: Եվ ամենավերջում՝ էդ ինչի՞ շնորհիվ են իրենք էդ քվեները ստանում: Կարո՞ղ է իրենք գաղափարախոսության արդյունքում են ստանում, մենք չգիտենք: Էդ քվեները ԲՀԿ-ն ստանում է փող բաժանելով, և որի քվոտան տալիս է իշխանությունը: Մնացածը անլուրջ է, իրենք էլ իրենց ասածների վրա ծիծաղում են»,- ասաց Պ. Մակեյանը:

Տեսանյութեր

Լրահոս