Բացառիկ փաստ` ՀՀ ներմուծվող անորակ դեղի մասին
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, ՀՀ-ում շուրջ 40.000 հոգեկան խնդիրներ ունեցող անձ հոգեկան առողջության վերականգնման համար օգտագործում է «Զիպրեքսա» կամ «Օլանզապին» դեղամիջոցը, որը ներմուծում է «Լիլի» ընկերությունը: Մեզ հետ կապ հաստատած ծնողներն ահազանգեցին, որ նույն դեղամիջոցը կրկին Հայաստան է ներմուծում մեկ այլ ընկերություն, որը մտադիր է այն վաճառել 100 դրամով էժան, սակայն այդ դեպքում էլ ամսական շահույթը կազմում է մի քանի հարյուր միլիոն դրամ: Հնդկաստանից ներմուծվող այդ դեղամիջոցի անարդյունավետությունը փաստելու համար ներկայացնում ենք այն օգտագործողներից մեկի` Լիլիա Գասպարյանի պատմածը: «Քսան տարուց ավել է, ինչ հոգեկան խնդիրներ ունեմ: «Լիլի» ընկերության ներմուծած դեղամիջոցն օգտագործելուց հետո առողջական վիճակիս առումով առաջընթաց է գրանցվել: Հիմա ինձ լավ եմ զգում, անգամ զարգացել են որոշ հատկություններ: Երգեր եմ գրում, բանաստեղծություններ, նաեւ զբաղվում եմ դիզայներությամբ: Մասնակցել եմ ցուցահանդես-վաճառքների, նկարներս անգամ ԱՄՆ-ում են ցուցադրվել»,-ասաց մեր զրուցակիցը : Նա նշեց, որ մեկ այլ կազմակերպության կողմից ներմուծվող դեղամիջոցը նույնպես օգտագործել է մի քանի ամիս. «Այդ դեղը վատ անդրադարձավ իմ առողջության վրա, վիճակի վատթարացում եղավ. սրտխառնոց եւ գլխապտույտ առաջացավ, անգամ դեղը լեզվի տակ դնելուց լեզուս ուռում էր»: Հոգեկան խնդիրներ ունեցող երեխաների ծնողները եւ հիվանդներն անհանգստացած են: Նրանք չեն ցանկանում, որ ՀՀ-ում նորից վաճառքի հանվի իրենց խոսքով ժամկետնանց եւ անորակ դեղամիջոցը: Այլ մանրամասները` առաջիկայում: