Արմավիրի մարզում հայտնաբերել են խարդախություններ կատարող անձին, ում կինը 2010 թ-ին հայտարարել էր, թե ամուսնուն սպանել են
Երեկ՝ մայիսի 14-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի աշխատակիցները Արմավիրի մարզում հայտնաբերել են 2010 թ-ից սպանության հատկանիշներով որոնվող մի քաղաքացու: Այս մասին հաղորդում է shamshyan.com կայքը:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, 2010 թ-ի ապրիլի 7-ին Շենգավիթ վարչական շրջանի բնակիչ, 52-ամյա Աշոտ Ասատրյանի կինը հայտարարություն է տվել ոստիկանության Շենգավիթի բաժին, որ ամուսինը դուրս է եկել տանից և չի վերադարձել:
Նույն տարվա մայիսի 10-ին ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննաչկան վարչության Շենգավիթի քննչական բաժնում՝ որպես անհայտ կորած, Ա. Ասատրյանի որոնման համար հարուցվում է քրեական գործ՝ ՀՀ քրօրի 104 հոդվածի (սպանություն) հատկանիշներով:
Սակայն երեկ Երևանի ոստիկանությունում ստացված օպերատիվ տվյալներն իրացնելիս, Արմավիրի մարզի Մրգաշատ գյուղում հայտնաբերվում է Ա. Ասատրյանը:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ ըստ տեղեկությունների, նա մի շարք բանկերի և քաղաքացիների գումարներ է պարտք եղել, ինչի համար էլ կնոջ հետ համաձայնության գալով, ստեղծել էին այդ կեղծ անհայտ կորելու հանգամանքը: