«Հետք»-ի լրագրողին սպառնալու դեպքով քրեական գործ դեռ չի հարուցվել
Ոստիկանության լրատվության վարչությունից «Փաստինֆո»-ին տեղեկացրեցին, որ «Հետքի» լրագրող Անի Հովհաննիսյանի հասցեին հեռախոսով հնչեցված սպառնալիքների դեպքի առնչությամբ ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում, կատարվում են համապատասխան քննչական գործողություներ: Քրեական գործ առայժմ չի հարուցվել:
Հիշեցնենք, որ լրագրողի հասցեին հերթական սպառնալիքների դեպքը այս անգամ գրանցվել էր մայիսի 8-ին, երբ «Հետք»-ի լրագրողին զանգահարել էին ՌԴ-ում գրանցված բջջային հեռախոսահամարից եւ սպառնացել, որ եթե նա շարունակի «քիթը խոթել» այնտեղ, որտեղ պետք չէ, ոչ միայն իր, այլեւ ընտանիքի անդամների համար շատ վատ կլինի: «Թե չէ, Անի ջան, կհայտնվես փոսում կամ դու, կամ քո հարազատներից մեկն ու մեկը»,- ըստ «Հետք» պարբերականի՝ ասել էր սպառնացողը:
Իսկ երբ լրագրողը փորձել էր ճշտել, թե ինչի մասին է խոսքը, սպառնացողը պատասխանել էր. «Դու գիտես, թե ինչի հետ է կապված»: Զանգահարողը նաեւ ասել էր, թե գիտի՝ որտեղ են ապրում Անիի հարազատները եւ նրանց հարցերը լուծելը իր համար մեկ զանգի խնդիր է:
«Հետք»-ի գլխավոր խմբագիր, «Հետաքննող լրագրողներ» ՀԿ նախագահ Էդիկ Բաղդասարյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց, որ հեռախեսային ձայնագրությունն ու հեռախոսահամարը իրենք փոխանցել են Ոստիկանություն: Ինչ վերաբերում է լրագրողի մասնագիտական գործունեությանը, ապա «Հետք»-ի խմբագիրը դժվարացավ ասել, թե Անի Հովհաննիսյանի հետաքննած որ թեմայի հետ է կապված տվյալ սպառնալիքը:
Ոստիկանությանը զուգահեռ «Հետք»-ում այս հարցի շուրջ սեփական հետաքննությունն են անցկացնում: Որպես հնարավոր վարկած նշվում է Վրաստանում հայկական օֆշորային ներդրումների մասին նախապատրաստվող հոդվածը, որի շրջնակներում շոշափվում են Վրաստանում բիզնես ունեցող հայ պաշտոնյաների, պատգամավորների անուններ:
Իբրեւ հնարավոր այլ վարկած՝ հիշատակվում է Անի Հովհաննիսյանի հետ կապված մեկ այլ միջադեպ, որը տեղի էր ունեցել ապրիլի վերջին: Լրագրողը Հյուսիսային պողոտայում մոտեցել էր մի ոստիկանի՝ «Դոգ» մականունով Վարդան Ղուկասյանին, եւ փորձել էր ճշտել, թե ինչու են կիթառ նվագող երաժշտից պահանջում ներկայանալ բաժին: Ոստիկանը լրագրողին հրել էր, քաշքշել եւ նրա հասցեին վիրավորական արտահայտություներ արել: Դեպքից մեկ օր անց ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հրամանով անցկացված ծառայողական քննության արդյունքում Վարդան Ղուկասյանը հեռացվել էր աշխատանքից: