5 ամսվա ազատազրկում՝ Շենգենյան մուտքի արտոնագրերի գործընթացը «կազմակերպելու» համար
Տուրիզմի հետ կապված գործունեությամբ զբաղվող «Ֆորտունա-93» ՍՊԸ տնօրեն Աշոտ Ստեփանյանը դատապարտվեց 5 ամսվա ազատազրկման, որի ժամկետը լրանում է հունիսի 2-ին՝ պատժաչափին հաշվեկցելով ավելի վաղ կրած կալանքի 21 օրը:
Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարանը՝ դատավոր Մխիթար Պապոյանի նախագահությամբ, նրան մեղավոր ճանաչեց՝ փաստաթղթեր կեղծելու ու իրացնելու համար, ըստ որի՝ նա 2012թ. նոյեմբեր ամսին համապատասխան վարձատրության դիմաց ստանձնել է ՀՀ քաղաքացիներ, հայր և որդի Կարապետ և Դավիթ Հովհաննիսյանների համար կազմակերպել Շենգենյան համաձայնության երկրների մուտքի արտոնագրեր ձևակերպելու գործընթացը:
Գիտակցելով, որ ՀՀ-ում գործող համապատասխան դեսպանատներից մուտքի արտոնագիր ձեռք բերելու հնարավորություն չունի՝ նպատակադրվել է արտոնագրերը ձեռք բերել Ուկրաինայում գտնվող Հայաստանի դեսպանատնից` անձնագրերում կեղծիքներ կատարելով ու կեղծված այդ անձնագրերը նույն քաղաքացիներին հետագայում իրացնելով:
Ի դեպ, ամբաստանյալը ինչպես նախաքննության ընթացքում, այնպես էլ դատարանում ընդունեց մեղադրանքը, հայտնեց, որ զղջում է կատարած հանցանքի համար և միջնորդեց դատաքննությունն անցկացնել արագացված կարգով: Միջնորդությունը բավարարվեց:
Մեղադրող ՀՀ գլխավոր դատախազության ազգային անվտանգության մարմիններում և կիբերհանցագործությունների գործերով վարչության դատախազ Գրիգոր Տիգրանյանը միջնորդեց ամբաստանյալին ազատազրկման դատապարտել՝ 8 ամիս ժամկետով: Ամբաստանյալի պաշտպան Էդուարդ Աղաջանյանն իր պաշտպանական ճառում նշեց, որ իր պաշտպանյալի ընկերությունն իր բացակայության պայմաններում չի գործում, կրում է ֆինանսկան կորուստներ և գտնվում է սնանկացման եզրին, նրա խնամքին է գտնվում ծեր մայրը, ուստի խնդրեց մեղմ վերաբերվել: