YouTube-ը կվերադառնա՞ Չեչնիա
Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը առաջարկել է վերականգնել հանրապետության բնակիչների մուտքի հնարավորությունը YouTube վիդեոհոսթինգ։ Այս մասին հաղորդում է «Интерфакс»-ը։
«Կարծում եմ՝ այն ժամանակ դատարանի վճիռն արդարացված էր,- խոսելով դատարանի որոշման մասին, որով տեղի բնակիչները զրկվեցին YouTube-ից, ասել է Կադիրովը և ավելացրել,- Հիմա, ինչպես երևում է, անհրաժեշտություն չկա այդ ռեսուրսն արգելափակել»։
Կադիրովը նշել է, որ «ծայրահեղականներն ու ահաբեկչական կազմակերպությունները YouTube-ում հոլովակներ են տեղադրում՝ բռնության բացահայտ կոչեր անելով» և արգելափակման պայմաններում այդ տեսանյութերին «արժանի պատասխան» տալ հնարավոր չէ։
YouTube-ը Չեչնիայում արգելափակվել է 2012 թվականի սեպտեմբերի 28-ին՝ Գրոզնու Լենինյան շրջանի դատարանի վճռով։ Վճիռը կապված էր «մուսուլմանների ատելությունը» հակաիսլամական տեսանյութի հետ։