
Բնապահպան Եղիա Ներսիսյանին մեղադրում են զրպարտության մեջ (տեսանյութ)

Այսօր Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում կայացել է բնապահպան-ակտիվիստ Եղիա Ներսիսյանի դեմ` «Դինո Գոլդ մայինինգ քոմփանի» ՓԲԸ-ի հայցի քննության երրորդ փուլը: Այս մասին գրում է ԳԱԼԱ-ն։ Հիշեցնենք, որ ընկերությունը մեղադրում է Եղիա Ներսիսյանին զրպարտության մեջ: Բանն այն է, որ վերջինս ԱՄՆ-ում իր ելույթներից մեկի ընթացքում ասել է. «Հայաստանում կանադական ընկերություն կա, որտեղ էլեկտրաշոկով բանվորներին հոսանքի են տալիս, որ 24 ժամ չքնեն և կարողանան աշխատել: Դա իրականություն է, եկեք, տեսեք»: Ընկերությունը պահանջում է հերքել իր բարի համբավն արատավորող այդ տեղեկատվությունը: Առաջին նիստին «Դինո Գոլդ»-ի ներկայացուցիչները չեն ներկայացել` վատառողջ լինելու պատճառով, իսկ երկրորդ նիստի ընթացքում հայցվոր կողմը ներկայացրել է իր տեսակետը, պատասխանող կողմն էլ իր հերթին չի համաձայնվել մեղադրանքի հետ և ներկայացրել է իր հիմնավորումը: Այսօրվա նիստի ժամանակ Եղիա Ներսիսյանի ներկայացուցիչները նույնպես չէին ներկայացել, և դատը հետաձգվել է մինչև հունիսի 10-ը: