Բաժիններ՝

Ազգային գրադարանի «ատկատների» գործով պաշտպան կներգրավվի

Հայաստանի ազգային գրադարանում իրականացվող հիմնանորոգման աշխատանքների ընթացքում չարաշահումների գործում մինչև մայիսի 18-ը կներգրավվի փաստաբան՝ որպես ամբաստանյալ Աշոտ Մամիկոնյանի պաշտպան: Նա ցանկանում էր իր պաշտպանությունն իրականացնել ինքնուրույն, սակայն մյուս երկու ամբաստանյալների՝ Գոռ Քամալյանի ու Գևորգ Սոսյանի պաշտպաններ Ալեքսանդր Սիրունյանն ու Սեդա Սաֆարյանը գտան, որ իրենց պաշտպանյալների ու Ա.Մամիկոնյանի շահերի միջև կա հակասություն՝ իրենց պաշտպանյալներին մեղսագրվում են լիազորություններ, որոնք, իրենց կարծիքով Աշոտ Մամիկոնյանի լիազորություններն են: Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարանը՝ Մխիթար Պապոյանի նախագահությամբ, գտավ, որ այս պարագայում Աշոտ Մամիկոնյանը մյուս երկու ամբաստանյալների նման պետք է անպայման պաշտպան ունենա և պաշտպան ներգրավելու համար ամբաստանյալ Մամիկոնյանին ժամանակ տրամադրեց մինչև մայիսի 18-ը:

Հաջորդիվ ներգրավված պաշտպանին ժամանակ կտրամադրվի 14-հատորանոց գործի նյութերին ծանոթանալու համար:

Իսկ մեղադրանքի կողմում համալրումը տեղի ունեցավ արդեն այսօրվա նիստում՝ ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության դատախազ Արտակ Ղազարյանից բացի գործում ներգրավվեց նաև նույն վարչության ավագ դատախազ Գագիկ Մարկոսյանը։

Ըստ մեղադրանքի, ՀՀ քաղաքաշինության նախարարությանը հատկացված միջոցների հաշվին Հայաստանի ազգային գրադարանում իրականացվող հիմնանորոգման աշխատանքները համակարգող պատասխանատու ստորաբաժանման ղեկավար Գոռ Քամալյանը շուրջ 3 տարի իր պաշտոնական դիրքը ծառայության շահերին հակառակ է օգտագործել:

Մասնավորապես, նա, ծառայողական պարտականություններր չկատարելով, դրական եզրակացություններ է տվել 28.385.280 ՀՀ դրամի ծավալային հավելագրումներով կազմված կատարողական ակտերի՝ կապալառուի և տեխնիկական հսկողություն իրականացրած հսկիչների կողմից իրենց աշխատանքներն ամբողջությամբ և պատշաճ կատարելու վերաբերյալ:

Դրա հետևանքով «Հիդրոշինարար-5» ԲԲ ընկերության տնօրեն Հարություն Անդրեասյանի կողմից յուրացվել են պետբյուջեից հատկացված առանձնապես խոշոր չափերի գումարներ։

Մեղադրական եզրակացության համաձայն, ՀՀ քաղաքաշինության նախարարության քաղաքաշինական ծրագրերի իրականացման բաժնի գլխավոր ճարտարագետ Գևորգ Սոսյանը, հանդիսանալով ՀՀ Շիրակի մարզում ՀՀ 2011թ. պետական բյուջեով նախատեսված օբյեկտների, շինարարական աշխատանքների իրականացման, շինարարական աշխատանքների որակի տեխնիկական հսկողության և հեղինակային հսկողության ծառայությունների մատուցման պայմանագրերի պատշաճ կատարման նկատմամբ վերահսկման լիազորություններով օժտված պատասխանատու պաշտոնատար անձ, ավելի քան մեկ տարի իր պաշտոնական դիրքն օգտագործել է ծառայության շահերին հակառակ: Մասնավորապես, Շիրակի մարզի Մեծ Մանթաշ համայնքի «Մեծ Մանթաշի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ–ի հիմնանորոգման աշխատանքների ընթացքում, կատարողական ակտերում նշված աշխատանքների ծավալները հավելագրելու միջոցով յուրացման եղանակով առանձնապես խոշոր չափերի շուրջ 11.010.020 դրամ գումար հափշտակելու պայմաններում, աշխատանքներն, ամբողջությամբ և պատշաճ կատարված լինելու մասին տվել է դրական եզրակացություններ, ինչի հետևանքով անզգուշությամբ առաջացել են ծանր հետևանքներ:

«Ճաննախազիծ» ինստիտուտ ՍՊ ընկերության տեխնիկական հսկիչ Աշոտ Մամիկոնյանը մեղադրվում է այն բանում, որ տեխնիկական հսկողության իրականացնելով Շիրակի մարզի «Մեծ Մանթաշի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ում նախատեսված և իրականացված հիմնանորոգման աշխատանքների նկատմամբ, իր լիազորությունները կազմակերպության շահերին հակառակ և ի օգուտ «Ն. Մ. Օհանյան» ՍՊ ընկերության փաստացի տնօրեն Հայկազ Էլոյանի օգտին օգտագործելով, առանց կատարողական ակտերի ծավալները կատարված լինելը ստուգելու, 2011-2012 թվականների ընթացքում ստորագրել է աշխատանքների լրիվ կատարված լինելու մասին թվով 13 կատարողական ակտեր, որոնց հիման վրա «Ն. Մ. Օհանյան» ՍՊ ընկերության փաստացի տնօրեն Հայկազ Էլոյանին հնարավորություն է ընձեռել ՀՀ պետական բյուջեից ստանալ փաստացի չկատարված 11.010.020 ՀՀ դրամ ծավալով աշխատանքների համար վարձատրություն, ինչի հետևանքով առաջացել են ծանր հետևանքներ, այն է՝ յուրացվել են պետբյուջեից հատկացված առանձնապես խոշոր չափերի գումարները։

Գոռ Քամալյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով՝ Պաշտոնեական լիազորությունները չարաշահելը և նույն արարքը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ: Գևորգ Սոսյանին մեղադրանք է առաջադրվել հիշյալ հոդվածի 2-րդ մասով՝ Պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ, իսկ Աշոտ Մամիկոնյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 214-րդ հոդվածի 2-րդ մասով՝ Առևտրային կամ այլ կազմակերպությունների ծառայողների կողմից լիազորությունները չարաշահելը, որն առաջացրել է ծանր հետևանքներ:

«Փաստինֆո»

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս