Ինչո՞ւ ԲՀԿ-ն որոշեց վերցնել մանդատները
«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը Երևանի ավագանու մայիսի 5-ի ընտրությունների արդյունքում հատկացված մանդատները վերցնելու է: Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց ԲՀԿ մամուլի խոսնակ Տիգրան Ուրիխանյանը:
«Վերջապես գերական դարձավ այն կարծիքը, որ անհրաժեշտ է քաղաքացու տված քվեին պատասխանել որակյալ աշխատանքով: Մեր ներկայացուցիչները ներկայանալու են ավագանի ու բարձրացնելու են այն խնդիրները, որոնց մասին խոսել են նախընտրական շրջանում ու փորձելու են լուծումներ գտնել դրանց»,- պարզաբանեց նա:
Հարցին, թե խնդիրներ չե՞ն առաջանա աշխատել ՀՀԿ-ի հետ, որոնք, ինչպես շատերն են հայտարարում, ընտրակեղծիքներով է դարձել մեծամասնություն, Տ. Ուրիխանյանը պատասխանեց. «Խնդիրներն առաջացել են վաղուց, այն պահից, երբ Հայաստանի Հանրապետությունում քաղաքական, իրավական ու սոցիալական վիճակն առավել քան երբևէ հրատապ փոփոխությունների անհրաժեշտություն ցուցաբերեց: Պետք է այստեղից սկսկել: Իսկ պատասխանատուների ու մեղավորների հետ մենք ունենք միայն մեկ լեզու` պահանջատիրություն, վերսհկողություն»:
Ինչ վերաբերում է «Բարև, Երևան» դաշինքի հետ ավագանու ներսում հնարավոր համագործակցությանը, ապա ԲՀԿ խոսնակն ասաց, որ իրենք միշտ պատրաստ են համագործակցել ցանկացած ողջամիտ առաջարկի շուրջ, քննարկել դրանք, բայց այն դեպքում, եթե դրանք առաջարկները լինեն «կոնկրետ»:
Անդրադառնալով դեռևս նախընտրական շրջանում ԲՀԿ-ի հասցեին հնչեցրած մեղադրանքներին, քննադատություններին, թե «Բարգավաճ Հայաստանը» նախորդ ավագանու կազմում մշտապես աշխատել է ՀՀԿ-ի նման, հետաքրքրվեցինք, թե ԲՀԿ-ն այս ավագանու աշխատանքներում ի՞նչ գործելաոճ է որդեգրելու: Ի պատասխան, ԲՀԿ խոսնակն ասաց. «Դրա համար էլ ավագանու կազմը փոխվեց»: