Երևանում աշխատանքը մեկնարկեց Ջրի Եվրոպական Երիտասարդական 11-րդ Պառլամենտը
Ազգային ժողովը մայիսի 13-ին հյուրընկալել էր Ջրի եվրոպական երիտասարդական պառլամենտի անդամներին: ԱԺ նիստերի դահլիճում՝ ՀՀ պետական հիմնի հնչյունների ներքո, տեղի ունեցավ Ջրի եվրոպական երիտասարդական 11-րդ պառլամենտի բացման արարողությունը:
11-րդ պառլամենտի օրակարգը եւ նախագահողներին ներկայացրեց Ջրի եվրոպական երիտասարդական պառլամենտի հայաստանյան ծրագրի ղեկավար Հասմիկ Հարությունյանը: Ողջունելով արդեն մեկ տասնամյակից ավել կենսագրություն ունեցող այս նախաձեռնությունը՝ նա խորհրդարանը համարեց ջրի հիմնախնդիրները վերհանելու եւ համագործակցելու լավագույն հարթակ :
Տասնհինգ երկրներ ներկայացնող երիտասարդներին ողջույնի խոսք ուղղեց ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը։
Իսկ Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Անդրանիկ Անդրեասյանը ընթերցեց ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի ուղերձը:
Ողջույնի խոսքում նիստը նախագահողներ՝ Ջրի եվրոպական երիտասարդական 10-րդ պառլամենտի նախագահ Մարիա Երմիլովան եւ Երիտասարդական խորհրդարանի նախագահ Կարապետ Կոգարովը եւս ըդգծեցին ջրի կենսական կարեւոր նշանակությունը: Բանախոսները շեշտեցին այդ ռեսուրսի արդյունավետ կառավարման եւ դրա մասին իրազեկման անհրաժետությունը՝ համոզմունք հայտնելով, որ հաջողության գրավականը կլինի ջանքերի միավորումը:
Բացման արարողությանը հրավիրված էին ԱԺ պատգամավորներ, պետական մարմինների ու միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ, այլ հյուրեր : Նրանցից երիտասարդ պառլամենտականներին ողջունեցին «Ջրի Եվրոպական Համերաշխություն» կազմակերպության խորհրդի անդամ, Եվրախորհրդի Հյուսիս-Հարավ Կենտրոնի հատուկ խորհրդական Անտոնելլա Կանյոլատին, «Հայջրմուղկողուղի» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն եւ ՍԱՈՒՂ պայմանագրի կառավարիչ Պատրիկ Լորենը, «Արտո Պիկարդի» ջրային գործակալության նախագահ Ժան Շեփմանը, Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Անդրանիկ Անդրեասյանը: Ջրային համակարգում կառավարման փորձ ունեցող եւ ոլորտի շահագրգիռ մասնագետները բարձր գնահատեցին երիտասարդների դերը՝ նրանց նախաձեռնողականությունն ու ոգեւորությունը համարելով լավ նախադրյալներ համակարգում բարեփոխումներ կատարելու, նոր գաղափարներ առաջ քաշելու ու լուծումներ գտնելու համար: Համոզմունք հայտնելով, որ երիտասարդները կհաջողեն ապագայում ավելի լավ կառավարման հասնել, Անտոնելլա Կանյոլատին դա համարեց ժողովրդավարության դրսեւորում : Նա միաժամանակ ջուրն ու ժողովրդավարությունը դիտարկեց նույն հարթության մեջ՝ ասելով, որ երկուսն էլ ամենօրյա ջանքի ու խնամքի կարիք ունեն: Պառլամենտի փոխնախագահ Մարին Սպետիկը նույնպես ողջույնի խոսք ուղղեց իր գործընկերներին, նաեւ բոլորի անունից շնորհակալություն հայտնեց ՀՀ Ազգային ժողովի նախագահին աջակցության եւ հյուրընկալության համար :
Ելույթներին հաջորդեց երդման արարողությունը. 15 երկրների 100 պատվիրակներ իրենց մայրենի լեզվով խոստացան ջանքեր չխնայել Ջրի Եվրոպական Երիտասարդական 11-րդ Պառլամենտում՝ լուծելու ջրի կառավարման հիմնախնդիրները :
Երիտասարդները այս մեկ շաբաթվա ընթացքում մայրաքաղաքում, ինչպես նաեւ մարզեր եւ Սեւան այցերի ընթացքում կանցկացնեն թեմատիկ քննարկումներ, աշխատաժողովներ, կունենան սեմինարներ, կընտրեն նախագահություն եւ կպատրաստեն հռչակագիր: Մեկշաբաթյա ծրագրում ներառված է նաեւ մշակութային օրակարգ :
Բացման արարողության ավարտին երիտասարդ պառլամենտականները մամուլի ասուլիսում ամփոփեցին տպավորություններն ու նաեւ տեղեկություններ հաղորդեցին առաջիկա անելիքների մասին :
Մայիսի 19-ին 11-րդ Պառլամենտի աշխատանքների փակումը նույնպես տեղի կունենա ԱԺ նիստերի դահլիճում: