Բաժիններ՝

Վարդան Սեդրակյանի գործում ինչ-որ բան այն չէ. Ա.Սիրունյան

ՀՀ նախագահի նախկին թեկնածու, էպոսագետ Վարդան Սեդրակյանի դեմ գործով ապագա գանգատը Մարդու իրավունքների եվրոպական դատարանը բավարարելու է այն ներկայացվելուց մեկ տարի անց ևեթ, այլ ոչ 5-6 տարվա ընթացքում, ինչպես այլ գործերի պարագայում: Այս մասին «Նոյյան Տապան»-ի մամուլի սրահում այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ՀՀ նախագահի նախկին թեկնածուի պաշտպան Ալեքսանդր Սիրունյանը՝ հավելելով, որ ՄԻԵԴ-ում անմիջապես կհասկանան, որ «սա ընդհանրապես գործ չէ»: Ըստ փաստաբանի, գործով իր պաշտպանյալին մեղադրանք առաջադրելով նախաքննական մարմինը պատահական սխալմունք է թույլ տվել. «Մենք հնարավորություն ենք տալիս շատ արագ այն ուղղելու»:

Վաղը Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարանում մեկնարկող գործի քննությանը «մենք թախանձաբար խնդրելու ենք ներկայացնել կոնկրետ Վարդան Սեդրակյանի մեղադրանքի հիմքը»,- հայտարարել է փաստաբանը՝ կարծիք հայտնելով, որ 6 հատորանոց գործում չկան Վարդան Սեդրակյանի «մեղքի» ապացույցները։

Ըստ պաշտպանի, տուժող, ՀՀ նախագահի նախկին թեկնածու, ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանին ի սկզբանե չեն ներկայացրել սպանության մեջ մեղադրվողին՝ ճանաչման։ Հայտնի է, որ Պ.Հայրիկյանի նկարագրությամբ, իր վրա կրակողը եվրոպական արտաքինով 175 սմ հասակով 30 տարեկանից երիտասարդ տարիքի տղամարդ էր, իսկ մեղադրյալն այդ նկարագրությանը, ըստ Ա.Սիրունյանի, մեղմ ասած չի համապատասխանում: Մինչ տուժողը կճանաչեր կամ չէր ճանաչի իր վրա կրակողին՝ նրան արդեն հասցրել էին «44 անգամ ամեն ժամ հեռուստաալիքներով ցույց տալ», չի կատարվել քննչական փորձարարություն դեպքի վայրում, փոխարենը կատարվել է զենքը աղբարկղ գցելու քննչական փորձարարություն: Փողոցից բռնած տաքսու վարորդն էլ է հայտնաբերվել և «ճանաչել» անձին՝ նույնպես հեռուստաալիքներով նրան բազմիցս տեսնելուց հետո:

Ա.Սիրունյանը կասկածի տակ դրեց նաև նախաքննական մարմնի եզրահանգումը, թե Վ. Սեդրակյանը իր տան աշխատողին գումար է տվել սպանության պատվերը կատարելու համար։ «Վերանորոգման աշխատանքների համար իր պաշտպանյալը գումարներ տվել էր և դեռ պետք է տար»,- ասաց փաստաբանը: Ըստ Ա.Սիրունյանի, 1000 դոլարանոց զենք գոյություն չունի, իսկ նախաքննության մարմնի պնդումը, թե «ես գործը կանեմ, կգամ փողի մասին կխոսենք» հնարավոր է միայն բրազիլական սերիալներում: Բացի այդ Պարույր Հայրիկյանի ստացած վնասվածքներն էլ, փաստաբանի ներկայացմամբ, բնորոշ չեն «Նագան» տեսակի ատրճանակից արձակված կրակոցով պատճառվող վնասվածքներին. «ատրճանակը 35 մ հեռավորությունից «ծակում-անցնում է 7,5 սմ-անոց տախտակ», մինչդեռ տվյալ դեպքում 60սմ- 1մ հեռավորությունից արձակված գնդակը մնացել է Պ.Հայրիկյանի ուսի մեջ: «Այստեղ ինչ-որ բան այն չէ»,- ասաց փաստաբանը:

Հիշեցնենք, որ Պ.Հայրիկյանի սպանության փորձը կազմակերպելու մեջ մեղադրվում է ՀՀ նախագահի նախկին թեկնածու, էպոսագետ Վարդան Սեդրակյանը: Ըստ մեղադրանքի, նա, առաջադրվելով 2013 թվականի փետրվարի 18-ին կայանալիք ընտրություններում ՀՀ Նախագահի թեկնածու, քարոզարշավի ընթացքում, իր մտերիմներ Սամվել Հարությունյանին և Խաչատուր Պողոսյանին 2013 թվականի հունվարի սկզբներին պատվիրել է «Ազգային Ինքնորոշում Միավորում» կուսակցության առաջնորդ, ՀՀ Նախագահի մեկ այլ թեկնածուի, քաղաքական գործիչ Պարույր Հայրիկյանի սպանությունը, նրա քաղաքական գործունեությունը դադարեցնելու նպատակով:

Դա իրականացնելու նպատակով զենք ձեռք բերելու համար հիշյալ անձանց տվել է գումար, ինչը Խաչատուր Պողոսյանը և Սամվել Հարությունյանը հավասարապես կիսել են միմյանց միջև։ Իսկ ծրագրված հանցագործությունն իրականացնելու համար Խաչատուր Պողոսյանն օգտագործել է իր կողմից 1995-1996 թվականներին ապօրինի կերպով ձեռք բերված և պահված 1941թ. գործարանային արտադրության 7,62մմ տրամաչափի «HG 201» համարի «Նագան» տեսակի թմբուկավոր ատրճանակը։

Խաչատուր Պողոսյանը մեղադրվում է այն բանի համար, որ նա, 1995-1996թթ. ՀՀ Բագրատաշեն համայնքի տարածքում քննությամբ չպարզած անձից ապօրինի կերպով ձեռք է բերելով 1941թ. գործարանային արտադրության 7.62մմ տրամաչափի «HG 201» համարի «Նագան» տեսակի թմբուկավոր ատրճանակ և այդ ատրճանակից կրակելու համար նախատեսված` 9 հատ 7.62մմ տրամաչափի փամփուշտներ, մինչև 2013թ. հունվարի 31-ը դրանք ապօրինի կերպով պահել է տանը:

Իսկ Սամվել Հարությունյանն, ըստ մեղադրանքի, իր ընկերոջ` Խաչատուր Պողոսյանի հետ Հայաստանի Հանրապետության Նախագահի` 2013թ. փետրվարի 18-ի ընտրություններում ՀՀ Նախագահի թեկնածու Վարդան Սեդրակյանից 2013թ. հունվարի սկզբներին ստանալով պատվեր` «Ազգային Ինքնորոշում Միավորում» կուսակցության առաջնորդ, ՀՀ Նախագահի մեկ այլ թեկնածու, քաղաքական գործիչ Պարույր Հայրիկյանի սպանությունն իրագործելու վերաբերյալ, նրա քաղաքական գործունեությունը դադարեցնելու նպատակով, տվել են իրենց համաձայնությունը և զենք ձեռք բերելու համար Վարդան Սեդրակյանից ստացել է 1000 ԱՄՆ դոլար գումար:

Փաստինֆո

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս