«Քողարկեցին տղայիս սպանության գործը»

Շուրջ երկու տարի տևած դատաքննությունից հետո այս շաբաթ ավարտվեց Տավուշի մարզի «Մեհրաբներ» կոչվող զորամասում 2010 թ-ի հուլիսի 27-ին հրազենից մահացած ՀՀ Զինված ուժերի լեյտենանտ և սպա, արևելագետ Արտակ Նազարյանի գործով դատաքննությունը:

Դատավճռի հրապարակման օրվա առավոտյան տուժող կողմը հայտարարություն տարածեց, որ բոյկոտում է նիստը և հրաժարվում է ներկա գտնվել դատավճռի հրապարակմանը, քանի որ դատարանում քննության ընթացքը սպառել է նրանց հարգանքն ու վստահությունը դատարանի նկատմամբ:

Ինչպես և սպասվում էր, երկու տարի տևած քննությունից հետո դատարանը վերահաստատեց նախաքննական մարմինների առաջ քաշած վարկածը, թե Արտակ Նազարյանը ինքնասպանություն է գործել: Այնինչ տուժող կողմը և առհասարակ Արտակ Նազարյանի բոլոր հարազատները, ընկերները, բոլոր նրան ճանաչողները պնդում և հիմնավորում են, որ տեղի ունեցածը սպանություն է, որ Արտակ Նազարյանին սպանել են, իսկ հանցագործները դեռ ազատության մեջ են:

Ներկայացնում ենք Արտակ Նազարյանի մոր՝ Հասմիկ Հովհաննիսյանի հարցազրույցը galatv.am-ի հետ:

-Տիկին Հասմիկ, ո՞րն էր պատճառը, որ որոշեցիք բոյկոտել և հայտարարեցիք, որ չեք ներկայանա վճռի հրապարակմանը:

– Պետք է ասեմ, որ ես հասա Իջևան, բայց դատարան չմտա, որովհետև չուզեցի մտնել ու ոտքի վրա լսել մի վճիռ, որը կանխատեսում էի, թե ինչ էր լինելու: Դատարանը որպես վճիռ տառ առ տառ հրամցրեց նույն մեղադրական եզրակացությունը, որը 2 տարի առաջ տվել էին նախաքննության ավարտին, երբ գործը դեռ նոր պիտի մտներ դատարան: Ոչ մի տառ, ոչ մի նախադասություն փոխված չէր, կարծես ոչ մի դատավարություն չէր եղել: Ստացվում է՝ կարելի էր երկու տարի առաջ էլ գործը ավարտված համարել և դատավճիռ հրապարակել: Ես չեմ հասկանում էլ այսքան աշխատավարձ, այսքան ֆինանսական միջոցներ ինչո՞ւ են հատկացնում, դատարան, դատարանի աշխատակիցներ ինչո՞ւ են պահում, եթե ոչ մի փոփոխություն չպիտի լիներ: Եթե միայն և միայն մեղադրական եզրակացության հիման վրա են վճիռ կայացնում, էլ ինչո՞ւ են դատարան պահում: Ամեն ինչ արեցին, որ մենք դատավարություններին չմասնակցենք: Կարծում եմ Մարդանյանն էլ իր վերադասից էր ստացել պատվեր, որ դատերը առանց մեր ներկայության շատ արագ անի-վերջացնի, ինչպես շատ դեպքերում լինում են մյուս սպանված զինվորների պարագայում: Մեր հասցեն ծանուցագրի ծրարի վրա սխալ էին գրում. նույնիսկ դրան են գնացել, որ նիստերին չմասնակցենք:

-Դատարանում շուրջ երկու տարի տևած քննության ընթացքում ի՞նչ նոր բացահայտումներ եղան, որոնք ավելի հիմնավորեցին Ձեր տեսակետը, որ Ձեր որդին ոչ թե ինքնասպան է եղել, այլ սպանել են:

-Դատարանում չապացուցվեց իմ որդու՝ ինքնասպան լինելու վարկածը, և դատավորը աչք փակեց այն փաստերի վրա, որոնք վկայում էին, որ Արտակ Նազարյանին սպանել են: Մեր բազմաթիվ միջնորդությունները, որոնք առնչվում էին սպանությունը բացահայտելուն, դատավորը միանշանակ մերժեց: Դատավոր Մարդանյանը, դատախազներ Հարություն Հարությունյանը, Հայկ Հարոյանը և գլխավոր զինդատախազ Կոստանյանը ձեռք ձեռքի տված որպես հանցագործ կլան քողարկեցին տղայիս սպանության գործը: Նրանց հետ նաև Սերժ Սարգսյանը: Ես հայտարարում եմ, որ եթե Սերժ Սարգսյանն ուզեր, այս գործը կբացահայտվեր: Սա հստակ պատվեր էր, և նախօրոք գիտեին՝ ինչ էին անելու:

– Դուք բողոքարկելո՞ւ եք Տավուշի մարզի դատարանի այս դատավճիռը:

– Անպայման մինչև վերջ գնալու ենք, մինչև Եվրադատարան դիմելու ենք հայաստանյան դատական ատյաններն անցնելուց հետո: Ես ոչ մի վայրկյան չեմ կասկածել, առաջին օրվանից համոզված եմ եղել, որ իմ տղային սպանել են: Իմ տղայի մարմինը տեսնելով՝ ասել եմ՝ խաբում եք, ասեք ինչ եք արել տղայիս… Բայց նրանք ամեն ինչ անում են սպանությունները կոծկելու համար: Արտակի դեպքը ոչ առաջինն է, ոչ էլ, ցավոք, վերջինը, եթե հանցագործներն այսպես մնան ազատության մեջ. կաշառքը վերցված է, հանցագործներն ու մարդասպաններն էլ ազատ ման են գալիս: Արտակ Նազարյանի վրա կրակելով սպանել են, իսկ դատարանը մերժեց մեր պահանջները՝ դատարան բերել բալիստիկ փորձագետին, որ պարզաբանի, թե ինչ հեռավորությունից է եղել կրակողը, ինչքան կարող էին պահպանվել կրակոցի արգասիքները: Չե՛ն արել, ամբողջ գործը կեղծում են: Էնքան հապշտապ են արել, էնքան են համոզված եղել, որ այս մի գործն էլ հապշտապ կփակեն, ուշադրություն չենք դարձնի այս կարևոր «մանրուքների» վրա, բայց չարաչար սխալվել են: Մենք ոչ մի «մանրուք» չենք անտեսել ու մինչև վերջ ենք գնալու:

Տեսանյութեր

Լրահոս